Սահմանազատման գործընթացի ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ-ին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին․ Արշակյան
Սահմանների բացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ, և, ընդհանրապես, երբ խոսքը խաղաղության մասին է, չի կարող խաղաղությունը լինել պարտադրված. եթե բալանսի խախտում տեղի ունեցավ, դա չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն:
Հարցին՝ Կիրանցի հատվածում սահմանազատումից հետո ի՞նչ է վերադարձրել Ադրբեջանը Հայաստանին, Արշակյանը նշեց․ «Սահմանազատման գործընթացի ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ-ին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին»:
Նա ասաց, որ այս փուլում չի ուզում մեկնաբանել տվյալ գործընթացը, որովհետև չի կարծում, որ դա նպաստելու է ամբողջական դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին:
«Մենք հիմա մի գործընթաց ենք սկսել, որն ունի սկիզբ և ավարտ: Սկզբի երեք տոկոսն անցել ենք արդեն, այդ երեք տոկոսն ուզում եք ամբողջական ներկայացնել: Չեք կարող դա ներկայացնել, որովհետև գործընթացը պետք է ներկայացվի 100 տոկոս: Ես ձեզ ասում եմ՝ հարյուր տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանական բոլոր տարածքները՝ Ադրբեջանին»,- նկատեց նա:
Կարծիքներ