Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները
Հայտնի են Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 3-րդ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները։
Ինչպես տեղեկանում ենք «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակի համար կպայքարեն Արինա Անտոնոսյանը (Հայաստան), Անդրեյ Կուրբետը (Հայաստան), Յուտո Կիգուջին (Ճապոնիա), Ռուբեն Կոզինը (Հայաստան-Ռուսաստան)։
Հունիսի 11-ին կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը։ Դաշնակահարները հանդես կգան մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եզրափակիչ փուլում մասնակիցները պետք է կատարեն երկու կոնցերտ, որոնցից մեկը՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է:
Կարծիքներ