Շվեդ նախարարը Չավուշօղլուին քննադատել է կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու համար
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին մեղադրել է Թուրքիայում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու մեջ: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Անկարայում, նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հանդիմանել է շվեդ նախարարին այն բանի համար, որ նա Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից: Թուրքիայի ԱԳ նախարարը Շվեդիային մեղադրել է քուրդ զինյալներին աջակցելու, ինչպես նաև Հունաստանի կողմից միգրանտների նկատմամբ ենթադրյալ «դաժան վերաբերմունքի» կապակցությամբ լռելու մեջ (Հունաստանը հերքում է այս պնդումը):
«Ես ուզում եմ հարցնել` ո՞ւմ անունից եք Թուրքիային կոչ անում հեռանալ Սիրիայից, թե՞ զգուշացնում եք Թուրքիային: Եթե այդքան զգայուն եք մարդու իրավունքների նկատմամբ, ինչո՞ւ գոնե մեկ անգամ չեք քննադատում Հունաստանին»,- հարցրել է Չավուշօղլուն:
Ի պատասխան, Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է, որ հյուր է և չի ցանկանա բանավեճի բռնվել:
«Ես պարզապես հույս ունեմ, որ Թուրքիայում բոլորը հնարավորություն կունենան իրենց կարծիքներն արտահայտել այնպես, ինչպես դուք եք դա անում, նախարար»,- նշել է Լինդեն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Շվեդիայի ԱԳ նախարարի նկատառումը նուրբ քողարկված հղում էր Թուրքիայում խիստ քննադատողական կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը՝ ներառյալ տասնյակ լրագրողների և քրդամետ քաղաքական գործիչների բանտարկությունը։
Կարծիքներ