ԱՄՆ-ն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը
Ամերիկյան կողմն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում օգնության առաջին խմբաքանակը, լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ առաջիկա երեք օրերի ընթացքում Ուկրաինա կմեկնի երեք լրացուցիչ չվերթ, գրում է vedomosti.ru-ն։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կսկսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ 800 միլիոն դոլար արժողությամբ ամենամեծ փաթեթի շրջանակներում։
Նախատեսվում է, որ ԱՄՆ-ից ինքնաթիռները վայրէջք կկատարեն Ուկրաինայի հարևան երկրներում, իսկ այնտեղից բեռնատարներով երկիր կհասցվի զենք ու զինամթերք։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փաթեթը կներառի 9000 հակատանկային համակարգ, 7000 հրետանային զենք և 20 միլիոն զինամթերք։
Մարտի 21-ին Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները կորոշեն Ուկրաինային լրացուցիչ 1 միլիարդ եվրո հատկացնել զենք գնելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Կարծիքներ