Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի. ծանոթացել է նաև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի մի հատվածի աշխատանքներին
Սեպտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի:
Փոխվարչապետը կանգառ է կատարել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում՝ ծանոթանալու արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը։
Այնուհետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն։ Նա շրջել է սրահում, տեղեկացել տեխնիկական հագեցվածությանը, կարողություններին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Փոխվարչապետը նշել է. «Կատարված աշխատանքները հավանեցի:
Նախկինում էլ էի եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ` «Շիրակ» օդանավակայանը դառնալու է Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը: Օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները»: Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառ/մ մակերես, դուրս էր նորմերից և ուղևորների համար խնդիրներ էր առաջացնում, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870 քառ/մ մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկին դժվարությունները: Նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։ Թռիչքուղին ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Թեև դրա ասֆալտապատ ծածկույթի կյանքի տևողությունը միջինում 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին վերջին անգամ նորոգվել էր 2007թ.: 14 տարվա շահագործման արդյունքում թռիչքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ: Կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ:
Փոխվարչապետն այցելել է նաև Գյումրի քաղաքի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզ, որտեղ վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով: Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվում էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզն ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար ՀՀ դրամ, մյուս մասը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներդրումն է։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հաջորդ կանգառը Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի տարածքն էր, որտեղ արդեն իսկ մեկնարկել են հիմքի փորման աշխատանքները: Տեղում լինելու է երկհարկանի շենք։ Առաջին հարկում կլինի նախասրահ, հանդերձարան, տնօրենի սենյակ, մեկ խմբի համար սենյակներ (խաղասենյակ, ննջասենյակ, ճաշասենյակ, սանհանգույց), ինչպես նաև անձնակազմի սենյակ` իր սանհանգույցով, բժշկի սենյակ, մեկուսարան` իր սանհանգույցով, խոհանոց, սննդի պահեստ, ջերմային հանգույց և լվացքատուն։ Երկրորդ հարկում տեղակայված կլինեն՝ նախասրահ, երկու խմբի համար սենյակներ և էվակուացիոն երկու ելք։ Կոնստրուկտիվ համակարգերը նախատեսված են քարե կրող պատերով և միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներով, ծածկերը՝ միաձույլ երկաթբետոնից: Շենքի տանիքի ծածկույթը՝ գունավոր մետաղակղմինդրից, կրող կոնստրուկցիաները՝ փայտյա: Նախատեսվում են ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման արտաքին և ներքին համակարգերի, ինչպես նաև ներքին էլեկտրասնուցման, ջերմամատակարարման, օդափոխության, ավտոմատ հակահրդեհային ազդարարման համակարգերի կառուցում: Ջեռուցումը իրականացվելու է ջերմային հանգույցում տեղադրվող` պատի տուրբո երկու կաթսաներով: Տաք ջրամատակարարումն իրականացվելու է արևային ջրատաքացուցիչների միջոցով, որոնք տեղադրվելու են մանկապարտեզի տանիքում: Ծրագրով նախատեսվում է նաև տարածքների բարեկարգում ու ցանկապատում, շենքերի շուրջ սալվածքի իրականացում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում:
Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար։ Այս մանկապարտեզը նույնպես կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի առաջին բաղադրիչի լրացուցիչ ֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով։
Փոխվարչապետն այցելել է նաև Գյումրի քաղաքի «Անի» թաղամաս, որտեղ իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման աշխատանքներ: Դրանք իրականացվում են ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ (ՀՆԾ) կողմից արված համատեղ ներդրման միջոցով: Ծրագիրը ներառում է Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը՝ վերաբերելով շուրջ 100 հազար բնակչի: Ընդհանուր առմամբ մոնտաժվելու է ավելի քան 66 կմ ջրատար խողովակաշար, նախատեսվում է 20 ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 490 կմ բաշխիչ ցանցի կառուցում և 180 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը մոտ 18.000 է։ Ծրագիրը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինման, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցման, ջրաչափերի տեղադրման և այլ աշխատանքներ։
Փոխվարչապետի աշխատանքային այցը եզրափակվել է Գյումրու «Մուշ» թաղամասում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այստեղ շուրջ 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցում՝ հիմնադրամի՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 48 մլն ՀՀ դրամ:
Կարծիքներ