Էրդողանը խոստովանել է, որ Բայդենի հետ համագործակցությունն ի սկզբանե չի ստացվել

Էրդողանը խոստովանել է, որ Բայդենի հետ համագործակցությունն ի սկզբանե չի ստացվել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ իր համագործակցությունն ի սկզբանե չի ստացվել: Այդ մասին նա հինգշաբթի օրն ԱՄՆ-ից վերադառնալիս իր ինքնաթիռում հայտնել է թուրք լրագրողներին:

«Ես լավ աշխատեցի Բուշ կրտսերի, պարոն Օբամայի, պարոն Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ սկսեցինք պարոն Բայդենի հետ: Բայդենը սկսեց զենք, զինամթերք և սարքավորումներ մատակարարել ահաբեկչական կազմակերպություններին Սիրիայում: Մենք չենք պատրաստվում դրան անտարբերությամբ նայել», – նրա խոսքերը մեջբերում է Anadolu -ն:

Ահաբեկիչներ ասելով՝ Էրդողանը նկատի ունի Սիրիայի քրդերին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից», որոնք Թուրքիան համարում է իր տարածքում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության մասնաճյուղ: Էրդողանի հավաստիացումների համաձայն՝ Անկարան «ձգտում է ապահովել, որ Թուրքիան և ԱՄՆ -ը՝ որպես ՆԱՏՕ -ի երկու երկրներ, միմյանց վերաբերվեն ոչ թե թշնամաբար, այլ բարեկամաբար»:

Բացի այդ, Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ -ը ստիպված կլինի «վճարել» Աֆղանստանում մնացած ամերիկյան զենքի համար, որն այժմ գտնվում է «Թալիբան» շարժման  արմատականների մոտ: «Եթե նայեք այն զենքերին, որոնք այժմ գտնվում են թալիբների ձեռքում, կհասկանաք, որ դրանք ամերիկյան զենքեր են: Հետևաբար, նրանք ստիպված կլինեն դրա համար գին վճարել», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում