Արտակարգ դեպք Աբովյանում. հրկիզել են 54–ամյա տղամարդու կողմից շահագործվող ավտոմեքենան
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 36 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները իրենց ուժերով մարել են Renault Logan մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենան, որը որպես տաքսի շահագործում է Աբովյան քաղաքի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Բեջանյանը, հրկիզել են:
Կայքի տեղեկություններով՝ այս տարվա մարտի 12-ին՝ նույն ժամին, նույն թաղամասում նույնպես հրկիզել էին Ռ. Բեջանյանի կողմից շահագործվող, նրան պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենան:
Այս դեպքում տեսախցիկները արձանագրել են նաև, թե ինչպես է տեղի ունեցել հրկիզումը, սակայն մինչ այժմ ոստիկանության Կոտայքի բաժնում չեն կարողացել հայտնաբերել հանցագործին:
2 փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ