Պաշտպանության նախարար. Թուրքիան լրացուցիչ զորքեր չի ուղարկի Աֆղանստան
Թուրքիան լրացուցիչ զորքեր չի ուղարկի Աֆղանստան՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը երկրից դուրս բերելուց հետո Քաբուլի օդանավակայանում անվտանգության ապահովման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Թուրքիան առաջարկել է պահպանել եւ կառավարել Համիդ Քարզայի օդանավակայանը ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո եւ բանակցություններ է վարում իր դաշնակիցների, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ, առաքելությանը նյութատեխնիկական եւ ֆինանսական աջակցության համար: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, Անկարայում ԱՄՆ պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի այս հարցի շուրջ:
«Մենք արդեն ներկայություն ունենք այնտեղ»,- Աքարի խոսքերն է մեջբերում TRT Haber պետական հեռուստաընկերությունը՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Աֆղանստանում շուրջ 500 զինծառայողներին: «Կարեւորը օդանավակայանում մեր ներկայության շարունակությունն է»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցությունները շարունակվում են:
Կարծիքներ