Ռուսաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրելու հարցում. Սաակաշվիլի

Ռուսաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրելու հարցում. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական Օդեսսայի նախկին նահանգապետ, այժմ Վրաստանում ազատազրկման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդներով դիմել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը:

Ըստ Սաակաշվիլիի՝  ներկայումս Հարավային Կովկասում պոտենցիալ ռազմական առճակատման սպառնալիք կա, մասնավորապես այն «միջանցքի» հետ կապված, որը Ադրբեջանին կտրամադրի ուղիղ ցամաքային մուտք դեպի Նախիջևանի տարածք:

Ըստ նրա՝ կարևոր է գիտակցել, որ «Ռուսաստանը շահագրգռված է այս հակամարտությունը հրահրելու հարցում», քանի որ նման պատերազմը, ինչպես պնդում է Սաակաշվիլին, ոչ միայն չէր վնասի Ադրբեջանի միջազգային համբավին, այլև կարող էր հանգեցնել Հայաստանում իշխանափոխության: 

Վրաստանի նախկին նախագահը գտնում է, որ այս հարցին կան այլընտրանքային լուծումներ, որոնք չեն ենթադրում ուժի դիմել և այդ լուծումներով կիսվել է Երևանի և Բաքվի հետ:

«Կուզենայի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը որպես հավանական օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա պայմանավորվածությունը: Այս երկու երկրները պահպանել են դրական հարևանային հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները: Այն սցենարում, երբ Ուկրաինան պահանջում էր մուտք գործել Օդեսսա քաղաքից դեպի Օդեսսայի շրջանի հարավային հատված, Մոլդովան պատրաստակամորեն համաձայնել է վարձակալել ճանապարհ Դնեստերի շրջանի տարածքով: Որպես Օդեսդայի նախկին նահանգապետ, ես հաճախ էի օգտագործում վարձակալության այս ճանապարհը (որը վերանորոգել էի) ուկրաինացի սահմանապահների հսկողության տակ, երբ կարիք ունեի ուղևորվելու Ուկրաինական Բեսարաբիա: Մոլդովան կոմերցիոն օգուտներ է ստանում այս համաձայնագրից»,-գրել է նա:

Ըստ ազատազրկված նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի՝ նման լուծման կիրառումը ձեռնտու կլիներ երկու ժողովուրդների համար:

Նման պարագայում, ըստ Սաակաշվիլիի, Հայաստանը կարող էր ձեռք բերել առևտրային և ֆինանսական առավելություններ, ինչպես նաև հասանելիություն ստանալ նշանակալի տրանզիտային ճանապարհներին:  Ադրբեջանն էլ իր հերթին կարող էր խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտությունից՝ ի վերջո հանգեցնելով երկու երկրների միջեւ խաղաղ գոյակցության:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում