Դպրոցների պատերին չափից շատ առկա պատկերները խանգարում են կրթություն ստացողին. ինչ է առաջարկվում

Դպրոցների պատերին չափից շատ առկա պատկերները խանգարում են կրթություն ստացողին. ինչ է առաջարկվում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստվում է դպրոցներ ուղարկել պատերի ձևավորման ուղեցույց, որտեղ հուշումներ են լինելու ուսումնական հաստատությունների ղեկավարներին, ուսուցիչներին՝ ինչպես կահավորել դպրոցը, դասասենյակը: Ուղեցույցի նախնական տարբերակը պատրաստ է։

Ավելի վաղ ուղեցույցների վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառման մեջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժանն Անդրեասյանը նշել էր․ «Նախարարությունը հրահանգել է դատարկ պատերը չձևավորել և սպասել մեթոդական ցուցումների՝ պատերի ձևավորման համար, որովհետև պատերի ձևավորումն էապես ազդում է երեխաների կրթական արդյունքի և առաջադիմության վրա: Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որ, օրինակ, ցույց են տալիս, թե պատերի քանի տոկոսն է պետք ձևավորել, որքան մասը՝ ազատ թողնել, որ տարիքային խմբի համար՝ ինչպիսի մոտեցում է պետք ունենալ»։

Գերատեսչության ղեկավարը ընդգծել էր՝ այդ ուղեցույցները չեն վերաբերելու ԼՂ պատերազմներում զոհված հերոսների համար դպրոցներում առկա փառքի անկյուններին։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայն է նախարարի դիտարկման հետ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս պարզաբանում է նախարարի արտահայտած այն միտքը, որ «պատերի ձևավորումն էապես ազդում է երեխաների կրթական արդյունքի և առաջադիմության վրա»:

«Գիտականորեն ապացուցված է, որ պատերի ծանրաբեռնվածությունը դրական ազդեցություն չի ունենում երեխաների վրա։ Չափից շատ առկա պատկերները խանգարում են դասասենյակում կրթություն ստացողին։ Պատերի այդ ձևավորումը պետք է ավելի խելացի ու գրագետ արվի կամ չպետք է լինի։ Շատ թղթերի, պատկերների, գրությունների առկայությամբ երեխան չի կարողանա կենտրոնանալ առարկայի թեմայի վրա, նրա ուշադրությունը կշեղվի դեպի այդ պատկերները»,- կարծում է նա:

Փորձագետի խոսքով՝ ցանկալի է, որ դպրոցում պատերը լինեն լուսավոր, ինչը շատ կարևոր է հատկապես կրտսեր դպրոցականների համար։

Խաչատրյանը նշում է, որ դպրոցներում ու մանկապարտեզներում նկատել են բազմազան ու խայտաբղետ պատկերներ, պատերի տարատեսակ գույներ: Նրա համոզմամբ՝ կրթական միջավայրում ձևավորումները պետք է համապատասխանեն միջազգային պրակտիկայում առկա սահմանումներին:

«Չնայած հիմա երեխաները պատերին չեն նայում, բոլորը նայում են իրենց հեռախոսների էկրաններին։ Եթե դպրոցներ գնանք ու հարցնենք՝ այս ինչ պատին ինչ է փակցված, բազմաթիվ երեխաներ չեն էլ կարողանա ասել: Դա երեխաների համար կարևոր բան էլ չէ, կարևոր է, որ դպրոցը նորմալ դիազայն ունենա, իսկ պետության պարտավորությունն է օգնել դպրոցներին»,- ասում է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում