ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անվերապահորեն հետևել ամրագոտին կիրառելու վարքականոնին
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:
Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:
Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ:
Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
Վերստին հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում բարի երթ:
Կարծիքներ