Վաշինգտոնում Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է մի քանի պահանջ, մենք էլ մեր պայմանները պետք է թելադրենք. քաղաքագետ
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանը պետք է առաջ մղի միայն նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, այն է՝ տրանսպորտային ուղիների հաղորդակցությունը, սակայն կարևոր նկատառմամբ՝ ճանապարհների ապաշրջափակման պարագայում ՌԴ հատուկ ծառայության ոչ մի ներկայացուցիչ չպետք է լինի այդ հատվածում։ Ըստ նրա՝ ճանապարհները պետք է լինեն միայն ՀՀ-ի իրավահավասարության ներքո։
Քաղաքագետը կարծում է, որ այս անգամ ևս Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է մի քանի պահանջ:
«Պոկել միջանցք, դուրս հանել Արցախի հարցը օրակարգից, ՀՀ-ից անկլավներ վերցնել։ Այսինքն՝ այն, ինչը միշտ պահանջում է։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, սա էլ կախված է մեզնից։ Մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանը համաձայնեց նոր բանակցությունների ԱՄՆ-ում։ Ինչ տեղի ունեցավ․ ՌԴ-ում ռազմական հեղաշրջման փորձ, ապացուցվեց, որ Ռուսաստանը թույլ է այլևս, և Ադրբեջանը այս ամենի ֆոնին որոշեց Բայրամովին ուղարկել Վաշինգտոն։ Նա նաև հաշվի առավ Արևմուտքից իր նկատմամբ առկա ճնշումները, քանի որ քաղաքակիրթ աշխարհը, ԱՄՆ կոնգրեսականները հստակ արձագանքում են Ադրբեջանի քայլերին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինս համոզված է, որ եթե Հայաստանը բանակցային սեղանին թելադրի իր պայամնները, ապա նպաստավոր դիրք կգրավի. այլևս ոչ մի զիջում անհրաժեշտ չէ, հիմա հակահարձակման պահնն է։
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը հետաձգել էր այս բանակցությունները, որոնք պետք է կայանային հունիսի 12-ին՝ Ստեփանյանը նախ նկատում է՝ համաձայն չէ դիտարկումների հետ, թե դրա պատճառը Թուրքիայի նախագահի վերընտրվելու և Ադրբեջան այցելելու հետ էր կապված:
«Թուրքիայի նախագհի ժամանումը կապ չուներ հետաձգման հետ, Թուրքիան այն վիճակում չէ, որ Ադրբեջանին դիվանագիտական օգնություն ցուցաբերի, այն էլ՝ այն մակարդակով, որտեղ ՄԱՆ-ն կա, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը միասին նույն սայլի մեջ են, որը Արևմուտքում դիտարկվում է որպես դիկտատորների սայլ։ Էրդողանը կարող է փորձել ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, բայց ոչ Վաշինգտոնի կամ Բրյուսելի։ Ռուսաստանը նույնպես խարխուլ վիճակում է և չի կարող օգնել Ադրբեջանին։ Ուստի հիմա մեզ մնում է միայն առաջ տանել մեր պահանջները և չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարության մնացած կետերը, քանի որ մյուս կատարված կետերի փոխարեն մենք ոչինչ չենք ստացել»,- ընդգծում է նա:
Վաշինգտոնյան բանակցություններում, ըստ քաղաքագետի, նաև կբարձրացվի Ադրբեջանի կողմից Երասխի գործարանի ուղղությամբ հնչող կրակոցների հարցը, քանի որ գործարանը ԱՄՆ ներդրումներով է կառուցվում։ Զրուցակիցը դրական է գնահատում գործարանի տարածքում վերջերս ՀՀ-ի և ԱՄՆ-ի դրոշների բարձրացման հարցը՝ շեշտելով՝ դրանք հոգեբանական նշանակություն ունեն:
«Պետք է փաստերով ցույց տանք, թե ինչ է անում Ադրբեջանը Երասխում, որովհետև սա լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Ցույց ենք տալու, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց կրակում է խաղաղ մարդկանց վրա։ Դրոշներն ավելի շատ հոգեբանական նշանակություն ունեն, շատ ճիշտ որոշում էր, որ բարձրացավ, և ճիշտ որոշում էր Նախիջևանի սահմանից 300 մետր հեռավորության վրա գործարանի կառուցումը։ Մեզ մոտ պետք է գերակշռեն Եվրամիության, ԱՄՆ-ի դրոշները, քանի որ ՌԴ-ի դրոշն այլևս որևէ գործոն չի կարող լինել մեր երկրում»,- նշում է զրուցակիցը:
Ստեփանյանի խոսքով՝ բանակցային սեղանին լուրջ դերակատարում ունի նաև արցախյան հայությունը։ Կարևոր է, որ նրանք մնան Արցախում և խաղաղ կերպով պայքարեն իրենց անվտանգության համար, հակառակ դեպքում Արցախը կդառնա Ադրբեջանի մաս։
Կարծիքներ