Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չկան, դրանց մեծ մասը վերականգնված է․ Գնել Սանոսյան

Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չկան, դրանց մեծ մասը վերականգնված է․ Գնել Սանոսյան

 

Աղետի գոտու բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են։ Միջպետական Մ6 մայրուղին արդեն բաց է մեքենաների երթևեկության համար, ինչը ժամանակի խնայողության ու կապի առումով ունի չափազանց կարևոր նշանակություն:

Այս մասին աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող և կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելիս ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Միաժամանակ նախարարը վարորդներին հորդորել է զգույշ լինել, քանի որ որոշ հատվածներում ճանապարհի կահավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

«Երեկվանից արդեն աշխատում է Այրումի երկաթուղային կայարանը, ինչի արդյունքում արդեն ունենք վառելիքով ներկրված քսաներկու վագոն: Բենզինն ու դիզվառելիքը դատարկվել են, և վագոնները վերադարձել են Վրաստան՝ վառելիքի հաջորդ խմբաքանակը մի քանի ժամից բերելու համար: Մեզանից խնդրել են լրացուցիչ բեռնատար մեքենաներ, մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք, որպեսզի վառելիքն ավելի հեշտությամբ մատակարարենք շահառուներին: Երկաթուղու մյուս հատվածներում նույնպես ընթանում են ակտիվ աշխատանքներ, ինչը մեծացնում է հույսը, որ կկարողանանք հնարավորիս արագ երկաթուղու գործունեությունն ամբողջությամբ վերականգնել»,- տեղեկացրել է նախարարը:

Ալավերդու շատ հատվածներ արդեն մաքրված են աղբից ու տիղմից։ Քարկոփում վերականգնված է ջրիատակարարումը, մասնակիորեն նաև էլեկտրականության մատակարարումը: Այս պահին Ալավերդու հատվածում գործում է հետիոտնային 4 կամուրջ։

«Մեր ուշադրության կենտրոնում է չորս բնակավայրերի հետ կապի ապահովման խնդիրը: Տարբեր գործընկեր երկրների հետ համագործակցում ենք կամուրջներ տեղակայելու հարցում՝ փորձելով համատեղ ուժերով գտնել լուծումներ: Առաջիկա օրերին կապահովենք երթևեկությունը նաև Ախթալայի կամրջով: Էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի մատակարարումները նույնպես ակտիվորեն շարունակվում են: Ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է: Այս փուլում հանրապետական, մարզային ու համայնքային հանձնաժողովներն իրականացնում են ակտիվ գույքագրման ու վնասների գնահատման աշխատանքներ՝ հընթացս վերլուծելով նաև նախկինում իրականացված գույքագրումները, որպեսզի գործընկերները կարողանան կոնկրետ ծրագրեր կյանքի կոչել: Դրանք կարտահայտվեն փոխհատուցումների, վարկերի, արտոնությունների և այլ բնույթի աջակցությունների տեսքով»,- նշել է Սանոսյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ներգրավվել են, որպեսզի աղետի գոտում իրականացվող գույքագրման ու վնասի գնահատման արդյունքում սկսեն փոխհատուցումներ տրամադրել տուժածներին:

«Դեբեդի մակարդակն էականորեն նվազել է, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Որքան էլ հեղեղման հիմնական պատճառը գետն է, բայց մյուս կողմից էլ աղետը նաև մեր երկարամյա վատ աշխատանքի հետևանքն է, հետևաբար այսօր գուցե կա նաև օրենսդրական փոփոխությունների կարիք, որպեսզի կարողանանք մաքրման ու ափապաշտպան աշխատանքներ կատարել գետերի հուներում: Գետերում դեռ կան քարակույտեր, աղբ, ծառային զանգվածներ, որոնք նպաստել են գետերի մակարդակի բարձրացմանը:

Շրջակա միջավայրի նախարարության գործընկերներին այդ մասով խնդրել ենք կատարել համապատասխան դիտարկումներ, և եթե լինի օրենսդրական փոփոխությունների կարիք, նախաձեռնեն նաև այդպիսի գործընթաց՝ ապագայում կանխելով նման աղետների կրկնությունը»,- նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում