Արցախի նախագահը ծանոթացել է բնակարանաշինության, ճանապարհաշինության և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու ծրագրին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ՝ տեղահանված քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքների, ճանապարհաշինության և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու ծրագրին հետևելու նպատակով։ Այս մասին Արցախի նախագահը հայտնել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կատարած գրառման միջոցով։
«Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կառուցվում է մայրուղուց դեպի Դահրավ և մայրուղուց դեպի Աստղաշեն ու Պատարա ավտոճանապարհը, որի շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է»,- իր խոսքում նշել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ Աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2022 թվականը։
Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ առաջիկա 3 տարիներին պետք է ավարտել բոլոր գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատումը։
«Նոր կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակում, նախատեսվում է կառուցել թվով 15 բազմաբնակարան 4 հարկանի բնակելի շենքեր։ Լինելու է երկու տեսակ՝ 2-3 և 2-4 սենյականոց բնակարաններով»,- այս մասին ասել է նախագծի հեղինակ Դավիթ Սահակյանը։ Նրա խոսքով՝ տարածքում նախատեսվում է կառուցել նաև հասարակական նշանակություն ունեցող շինություններ, երեխաների համար խաղահրապարակ, խաղադաշտ՝ ցանկապատված, կանաչապատված, ավտոկայանատեղի՝ 200 մեքենայի համար։
Ջրամբարների կառուցումը գտնվում է նախագծային փուլում, որի ավարտը կլինի 2024 թվականին։ Խմելու ջրով կապահովվի ջրի պակաս ունեցող 7 բնակավայր, և խողովակաշարի կից տարածքում՝ ևս 4 գյուղ։
Կարծիքներ