Բուսկետսը գերազանցել է Պույոլի ցուցանիշը
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Ռեալ Սոսյեդադին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
«Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի համար 594-րդ հանդիպումն էր Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում: Այս ցուցանիշով 32-ամյա Բուսկետսն առաջ անցավ լեգենդար Կառլես Պույոլից, որը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 593 հանդիպում:
Կատալոնական թիմի կազմում ամենաշատ թվով հանդիպումներ անցկացրել է իսպանացի կիսապաշտպան Չավին՝ 767 հանդիպում: Երկրորդ տեղում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 746 հանդիպումով, իսկ երրորդ տեղում՝ իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան՝ 674 հանդիպում:
Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, ակումբի հիմնական թիմի կազմում հանդես է գալիս 2008 թվականից:
Կարծիքներ