Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել Է «Սուրբ Ծնունդը չարգելել» COVID-ի պատճառով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ չի պատրաստվում «չեղարկել Սուրբ Ծնունդը», բայց բրիտանացիներին հորդորել Է տոնը կատարել ավելի համեստ: Այդ մասին հաղորդել Է Sky News հեռուստաալիքը: «Ուստի ձեզ համար կազմակերպեք սուրբծննդյան փոքր տոն: Բայց պատվաստանյութի եւ մյուս այն բոլոր միջոցառումների առնչությամբ, որոնք մենք ձեռնարկում ենք, գիտենք, որ մինչեւ Զատիկ գործերը երկրում ավելի լավ կընթանան»,-ասել Է Ջոնսոնը:
Նա հավելել Է, որ չի պատրաստվում «չեղարկել կամ արգելել Սուրբ Ծնունդը»: Դրա փոխարեն Ջոնսոնը խորհուրդ Է տվել բրիտանացիներին՝ առավելագույնս կրճատել շփումները հինգ օրվա ընթացքում՝ մինչեւ սահմանափակումների մեղմացումը, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 23-ին: Այդ պահից ընտանիքներին կարելի կլինի տոնական հինգ օրերի ընթացքում հավաքվել երեքական հոգով: Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ հանձնարարել Է երկրի բնակիչներին՝ ըստ հնարավորինս գիշերել տանը, մի փոքր հետաձգել տարեց հարազատների հետ հանդիպումները, եթե միայն նրանք պատվաստում չեն ստացել, խուսափել մարդկանց կուտակումներից սպառավաճառքների ժամանակ եւ Ամանորը չտոնել մեծ խմբերով:
Առաջին շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել ավելի քան 137 հազար մարդ: Երկրում օգտագործում են ամերիկյան Pfizer ընկերության՝ գերմանական BioNTech ընկերության հետ մշակված պատվաստանյութը, որի արդյունավետությունը, ըստ եզրափակիչ կլինիկական փորձարկումների արդյունքների, կազմել Է 95 տոկոս: Համավարակի ժամանակ Միացյալ Թագավորությունում կորոնավիրուս Է հայտնաբերվել ավելի քան 1,8 մլն մարդու մոտ, ախտահարված 64,9 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ