Նոր թատերասրահ, պրեմիերաներ. Երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրենը՝ առաջիկա ծրագրերի մասին
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն այս տարին բուռն է սկսել՝ հանդիսատեսին ներկայանալով հագեցած խաղացանկով:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ հանդիսատեսի ակտիվությունն առկա էր դեռ 2020 թվականի դեկտեմբերից, երբ կարճ ժամկետում որոշում կայացվեց բեմադրել ամանօրյա ներկայացումներ:
«Մենք մտավախություն ունեինք ներկայացումներին հանդիսատեսի արձագանքի հետ կապված, քանի որ համավարակ էր, պատերազմ էր, սակայն, ի զարմանս մեզ, դահլիճները լեփ-լեցուն էին: Իհարկե, լեփ-լեցուն ասելը հարաբերական է, որովհետև համավարակով պայմանավորված այցելուներին նստեցնում ենք սոցիալական հեռավորություն ապահովելով, սակայն, միևնույն է, մեծ ակտիվություն կար, ինչը շատ ոգևորիչ էր»,- ասաց Կարո Շահբազյանը:
Հանդիսատեսի կողմից նույն ոգևորությունը շարունակվեց նաև հաջորդող ամիսներին: Կարո Շահբազյանի բնորոշմամբ, հանդիսատեսի շրջանում նկատվում էր կարոտը թատրոնի հանդեպ: Ի պատասխան հանդիսատեսի ոգևորության, նույն ոգով էլ թատրոնն արձագանքեց ու հանդես եկավ ներկայացումների հագեցած ու նոր ծրագրով՝ «Ուշ լինի, նուշ լինի», «Սիրային քառանկյունի», «Ռևիզոր», «Սիրային իրարանցում», «Չինացին էլ կարող է հայ լինել», «Հայկական և համաշխարհային օպերետները մեկ երեկոյում» և այլն: Ընդհանուր խաղացանկում ընդգրկված է 25-ից ավելի ներկայացում:
«Մի շատ կարևոր ծրագրի մասին ևս կուզենայի ասել: Դեռ 2020 թվականին նախատեսում էինք թատրոնում բացել Երվանդ Ղազանչյանի անվան փոքր թատերասրահ, սակայն, համավարակով պայմանավորված, բացումը հետաձգվեց: Այդ տարածքն ամբողջությամբ վերանորոգվել է, ձեռք ենք բերել նոր գույք, ձայնային, լուսային սարքավորումներ: Ամեն ինչ գրեթե պատրաստ է, նախատեսում ենք, որ այս տարի կանենք նաև այդ թատերասրահի բացումը»,- ասաց Կարո Շահբազյանը:
Նախորդ տարի փորձերը ավարտած ու թատրոնի մեծ բեմում ներկայացված Ռոդոլֆո Սանտանայի «Հարդասենյակ կանանց համար» ներկայացումը մեկ անգամ է ցուցադրվել: Այն ի սկզբանե նախատեսված է եղել Երվանդ Ղազանչյանի անվան փոքր թատերասրահի համար: Եվ այժմ ներկայացումը սպասում է նոր թատերասրահի բացմանը:
Առաջիկայում ևս նոր ներկայացումներ կլինեն: Կարո Շահբազյանը տեղեկացրեց, որ ներկայում ընթանում են ըստ Է. Ռաձինսկու «Ներոն և Սենեկա» ներկայացման փորձերը, բեմադրական աշխատանքներն իրականացնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը:
Դեռ 2020 թվականից սկսվել էին «Բանալի երկուսի համար» նեկայացման փորձերը, որի բեմադրոթյունն իրականացնում է Անուշ Սարգսյանը: Առաջիկայում այն ևս կհանձնվի հանդիսատեսի դատին:
Առաջիկա ծրագրերում իրենց տեղն են ունենալու նաև մանկական ներկայացումները: Թատրոն է հրավիրել Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը «Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները» ստեղծագործության հիման վրա ներկայացում բեմադրելու: Կարո Շահբազյանը վստահեցրեց, որ մեկ, երկու ամսվա մեջ այս առաջնախաղը կլինի:
Մեկ այլ ներկայացում՝ շատերին ծանոթ ստեղծագործության հիման վրա. շուտով հանդիսատեսին կներկայացվի «Քաջ Նազարը», որի համար երաժշտությունը գրում է կոմպոզիտոր, դաշնակահար ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:
«Նոր շեշտադրումներով ներկայացում է լինելու: Ասեմ, որ 100-ից ավելի մասնակիցներ են լինելու՝ դերասանական կազմ, երգչախումբ, մենակատարներ, նվագախումբ, բալետային խումբ: Մինչև տարվա վերջ սա ևս կներկայացվի հանդիսատեսի դատին»,- ասաց թատրոնի տնօրենը:
Այս տարվա ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի նաև մյուզիքլային ներկայացում, որն ընդգրկելու է հատվածներ համաշխարհային 19 մյուզիքլներից: Այնպես է արվում աշխատանքը, որ այդ հատվածները ձուլվեն մեկ ներկայացման մեջ:
Կարո Շահբազյանը նաև տեղեկացրեց, որ իրենց ծրագրերում կարևոր տեղ են զբաղեցնում հյուրախաղերով մարզերում լինելը: Այս տարի արդեն մի քանի ներկայացումներով եղել են Կոտայքի մարզում, առաջիկայում նախատեսում են այցելել Սյունիք, Տավուշ:
Կարծիքներ