Սոցապ նախարարությունը շարունակում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով ծառայություններ տրամադրել տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող, երեխաներին, բնակության որոշակի վայր չունեցող, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այն հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցել նախարարության կողմից առաջիկայում հայտարարվելիք դրամաշնորհային մրցույթներին, պետք է նախապես հավաստագրվեն։
Կազմակերպությունները պետք է բավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության, ինչպես նաև տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու համար նախատեսված տարածքի ընդհանուր և բնակելի մակերեսին, անձնակազմին (աշխատողների թվին և հաստիքներին), նրանց աշխատանքային պայմաններին և մի շարք այլ չափորոշիչներին:
Հավաստագրման համար անհրաժեշտ հայտն ու պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ e-request.am հարթակի կամ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: Միևնույն հայտով կարող է հայցվել մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրում:
Հայտում պետք է նշել՝
1) հայտատուի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու և հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (իսկ տնային պայմաններում խնամք տրամադրելու դեպքում՝ սպասարկման տարածքը),
2) հայտատուի կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն և ֆաքսը),
3) հայտատուի կողմից հայցվող՝ հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու գործունեությունը,
4) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման համար նախատեսված աշխատողների ընդհանուր թիվը և տվյալ բնագավառում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թիվը,
5) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վերաբերյալ հայտատուի և մասնագիտական անձնակազմի՝ նախկինում ունեցած փորձի և աշխատանքային գործունեության (առկայության դեպքում) մասին տեղեկություններ։
Հայտին կից պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտատուի գրանցված կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,
2) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության (բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման) համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքը հավաստող փաստաթղթերը՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ տարածքը վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով տիրապետելու դեպքում՝ նաև համապատասխան պայմանագրի բնօրինակը և դրա պատճենը,
3) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման համար նախատեսված աշխատողների թվի և հաստիքների մասին հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը և աշխատողների աշխատանքային գրքույկի պատճենները, իսկ աշխատողների մասնագիտական կրթություն և (կամ) որակավորում ունենալու դեպքում` համապատասխան փաստաթղթերի (դիպլոմներ, վկայականներ) պատճենները, բժշկի (բժիշկների) առկայության դեպքում՝ այդ անձանց կողմից բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող՝ բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու լիցենզիայի պատճենները,
4) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության (բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման) համար նախատեսված տարածքում անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու մասին հայտատուի հայտարարությունը կամ այդ տարածքում անվտանգությունն ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության կամ ՀՀ ոստիկանության միջև կնքված պայմանագրի պատճենը,
5) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության (բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման) համար նախատեսված տարածքում պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը միացված լինելու մասին համապատասխան պայմանագրի պատճենը,
6) կախված հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության տեսակից՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության և (կամ) սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի և (կամ) կացարանի ներքին կարգապահական կամ համակեցության կանոնները՝ հաստատված հայտատուի համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից,
7) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար անհրաժեշտ՝ սույն կարգի IV բաժնում նշված պահանջները բավարարելու մասին հայտատուի հայտարարությունը,
8) տեղեկանք հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ:
9) սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ` վավերացված հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ։
Կարծիքներ