ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանում
«Մարդկային զարգացումը որպես հնարավորությունների ընդլայնման գործընթաց չի կարող կայանալ, երբ մարդկության կեսի հնարավորություններն ու իրավունքները սահմանափակ են։ Այս առումով, գենդերային հավասարության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեծ ձեռքբերումներից է: Գենդերային անհավասարությունն ու խտրական վերաբերմունքը, ռեսուրսների անհամաչափ հասանելիությունը յուրաքանչյուր հասարակության համար առաջընթացի լուրջ խոչընդոտ են։ Եվ Հայաստանը, լինելով ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, սոցիալական և տնտեսական զարգացման հիմքում կարևորում է գենդերային բաղադրիչի ներառումը»,- ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին հանդես է եկել որպես ՀՀ կողմից հիմնական զեկուցող՝ ներկայացնելով կանանց իրավունքներին և հնարավորություններին առնչվող հիմնահարցերը, ոլորտային առաջնահերթություններն ու առկա խնդիրները։
Նախարարը նշել է, որ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք փաստաթղթեր, որոնց դրույթների կիրարկման ապահովումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենօրյա աշխատանքն է:
Վերջինիս խոսքով՝ ՀՀ կառավարությունը, կարևորելով կանանց տնտեսական զորեղացումը, ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը, շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացելով ծրագրեր ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև հանրապետության տարբեր մարզերում։
Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից ընտանիքում բռնության դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, իրականացվող գենդերազգայուն ծրագրերին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի գերակա թեման և նախարարական հատվածը նվիրված են թվային ժամանակաշրջանում նորարարությանը, տեխնոլոգիական փոփոխություններին և կրթությանը՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների առաջխաղացման համատեքստում։
Նստաշրջանին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների, Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից:
Կարծիքներ