ՀՀ պատվիրակությունը ծանոթացել է ԵՄ բուհերի մանկավարժական կրթության իրականացման փորձին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակում Պորտուգալիայի Բեյրայի Ինտերիոր համալսարանում կազմակերպված աշխատաժողովին, որին ներկա են եղել ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Մոլդովայից, Չեխիայից և Իսպանիայից: Էրազմուս+ T4GREEN ծրագիրն ուղղված է Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխմանը՝ հանուն կանաչ և թվային անցման:
ՀՀ պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Այցի նպատակն էր ծանոթանալ Էրազմուս+ T4GREEN ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Մասարիկի համալսարանի (Չեխիա), Վալյադլոիդի համալսարանի (Իսպանիա) և Բեիրայի Ինտերիոր համալսարանի (Պորտուգալիա) մանկավարժական կրթության իրականացման փորձին ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ մանկավարժական կրթության քաղաքականություններն ու պրակտիկաները Եվրոպայում, ԲՏՃՄ կրթության զարգացման հարցերը, ինչպես նաև կրթական բարեփոխումների հաջողված օրինակները ԵՄ-ում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանայել Հայաստանում մանկավարժական կրթության բովանդակությունն ու մոտեցումները։
Կարծիքներ