Ժիրինովսկին նշել է ԽՍՀՄ փլուզման պատճառներն ու մեղավորներին
Խորհրդային Միության փլուզման հիմնական պատճառը միակուսակցական ռեժիմն էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ժիրինովսկիի խոսքով` երկրի փլուզումից 30 տարի անց ամբողջ պատասխանատվությունը դրվել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի վրա՝ մոռանալով նրա շրջապատի և այլ քաղաքական գործիչների մասին:
«Իսկ ո՞վ է նրան բարձրացրել: Անդրոպովը, Գրոմիկոն և նրա օգտին քվեարկած մյուսները: Ինչո՞ւ չեք հիշում նրանց: Եվ մնացած 18 միլիոն կոմունիստներին ամբողջ երկրում»- գրել է խորհրդարանականն իր տելեգրամյան ալիքում:
Խորհրդային Միությունը փլուզվել է 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Գորբաչովը, դիմելով խորհրդային ժողովրդին, հայտարարել էր իր հրաժարականը պետության ղեկավարի պաշտոնից: Դրան նախորդել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարների կողմից դեկտեմբերի 8-ին ստորագրված համաձայնագիրը, որը խոսում էր ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին և հռչակում էր Անկախ պետությունների համագործակցության ստեղծումը:
Կարծիքներ