Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 000-ը

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 000-ը

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 000-ը․ սա վիրուսի հետևանքով մահվան դեպքերի հակառեկորդ է համարվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիի հայտարարությանը։

Լարիի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաջողվել է կորոնավիրուսի 2667 նոր վարակակիր հայտնաբերել, նախօրեին այստեղ հիվանդությունից 235 մարդ է մահացել։

Փետրվարի 19-ին վարակման դեպքերի մասին առաջին հաղորդագրությունից հետո այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 296 273-ի, որից 16 147-ը՝ մահվան ելքով։ Ներկայում ապաքինվածների թիվը գերազանցել է առնվազն 257 019-ը։

Նշվում է, որ Իրանում համաճարակաբանական իրավիճակը թռիչքաձև է զարգանում․ մարտ-ապրիլ ամիսներին օրական ավելի քան 3000 վարակակիր հայտնաբերելուց հետո մայիսին իրավիճակը փոքր-ինչ բարելավվել էր, սակայն ավելի ուշ՝ կրկին վատթարացել։ Այս ընթացքում վարակման դեպքերի նոր ռեկորդ է սահմանվել, որը գերազանցել է նաև մարտին սահմանված ցուցանիշը։ Միևնույն ժամանակ վերջին ամսում կտրուկ ավելացել է մահացության ցուցանիշը։

Երկրում համաճարակաբնական իրավիճակի վատթարացման հետ կապված՝ իշխանությունները հուլիսի 5-ից սկսած հասարակական և փակ վայրերում դիմակների պարտադիր կրման ռեժիմ են սահմանել։ Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրում այժմ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է, որը մեկնարկել է հունիսի կեսերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում