Ավագյանների ընտանիքը թանկարժեք կտավ նվիրաբերեց ՀՀ Ազգային Պատկերասրահին. տեսանյութ
Այսօր՝ հուլիսի 23-ին, Ազգային Պատկերասրահում տեղի ունեցավ Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանի և նրա կին՝ Միսս Աշխարհ 2014 Յուլյա Ավագյանի նվիրատվության միջոցառումը: Ավագյանները Ազգային Պատկերասրահին նվիրեցին նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավը: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, վերջինս ողջունեց Ավագյանների նախաձեռնությունը: Ընտանիքը կտավը ժառանգել է Բորիսի պապից` հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Պետրովիչ Ավագյանից: Բորիս Պետրովիչ Ավագյանը Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 7-ին Գորյաչեվոֆսկի քաղաքում (այժմ՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում): 1952թ. ավարտել է Լենինգրադի սննդի արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը: 1977-1985թթ. եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության գիտության և քարոզչության վարչության պետ: 1985-1997թթ.՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ մանրէակենսաբանական բաժնի վարիչ: 1970թ եղել է կենսաբանական գիտությունների դոկտոր: 1971թ՝ պրոֆեսոր:1985թ.՝ Իտալիայի գյուղատնտեսական ակադեմիայի թղթակից անդամ: Բորիս Ավագյանը խաղողագործության և գինեգործության արդյունաբերական թափոնների օգտահանմամբ սպիտակուցավիտամինային նյութերի ստացման նոր ուղղության հիմնադիրն է: Ուսումնասիրել է անդրաձայնային ալիքների, ենթակարմիր և անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը գինու միկրոֆլորայի վրա, մշակել է հոսքում խաղողահյութերի անընդհատ խմորման եղանակ: Ընտանիքը հպարտությամբ նշում է, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի մշակույթային ժառանգության մեջ ներդրում ունենալ: Բորիս Ավագյանը Freenews-ի հետ զրույցում նշել է, թե ինչ նպատակով են կտավը նվիրաբերում պատկերասրահին: Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ