24 ժամով կասեցվել է Գնունի փողոցում գործող շինանյութի առևտրի կետերից մի քանիսի գործունեությունը
Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը(ՇՎՏՄ) մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Շիրակի մարզում ու Երևան քաղաքում:
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները մի շարք խախտումներ են արձանագրել շինանյութի խանութներում, մասամբ նաև գազալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն պարետատուն:
Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:
Կրկնայցեր են տեղի ունեցել նաև Երևանում՝ Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ոսկու տոնավաճառում, որտեղ նախկինում դիտարկված թերությունները՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների հետ, շտկված են եղել: ՇՎՏՄ-ի կողմից մշտադիտարկումները ՀՀ ողջ տարածքում շարունակվում են:
Հուլիսի 23-ին տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են նաև կասեցման աշխատանքներ Երևանում: Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է Գնունի փողոցում գործող շինանյութի առևտրի կետերից մի քանիսի գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ մշտադիտարկման ընթացքում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Կարծիքներ