Ազգային ժողովում բացվել է քաղաքացիների ընդունելության վերափոխված կենտրոնը
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիների ընդունելության վերափոխված կենտրոնի բացումը:
«Կենտրոնի վերաբացումը իրականացվել է մեր գործընկերների` ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ ջանքերով: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի եւ ՄԹ կառավարությունների կողմից: Խորհրդարանի` քաղաքացիների վերափոխված ընդունելության կենտրոնը հնարավորություն կտա վերջիններիս ավելի արդյունավետ իրացնել իրենց իրավունքները, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքների մեջ ներգրավվածությունը»,- նշել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:
«Մենք կանխատեսում ենք, որ նոր, հարմարավետ պայմանները կնպաստեն քաղաքացիների ավելի մեծ հոսքին, ինչպես նաեւ աշխատակազմի արդյունավետ աշխատանքին: Հարմարավետ պայմանները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, քաղաքացիների համար մշակված պարզեցված կարգերն ու ուղեցույցները կդյուրացնեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ քաղաքացիների կապը: Սա «Նոր Հայաստան` ժամանակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ մշակվող «Այցելուների կենտրոնի» ստեղծման առաջին եւ էական քայլն է խորհրդարանական ժողովրդավարական կենտրոնի հայեցակարգի շրջանակում»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:
Անդրադառնալով առաջիկայում իրականացվելիք միջոցառումներին` Վահան Նարիբեկյանը նշել է, որ դրանց առանցքում է «Ակտիվ քաղաքացու» ստեղծման գաղափարը, որին եւս աջակցում է «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը:
Միջոցառումների նպատակն է բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը` խորհրդարանական ժողովրդավարության հիմնարար սկզբունքների մասին ու նպաստել ներառական եւ իրազեկ մասնակցային գործընթացներին:
Միջոցառմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչները:
«Մենք հավատացած ենք, որ այս ծրագիրն առանցքային կարեւորություն ունի` էլ ավելի ամրապնդելու եւ ուժեղացնելու ՀՀ Ազգային ժողովի դերակատարությունը կառավարման համակարգում»,- ընդգծել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը: Նրա խոսքով` այս ծրագրի շնորհիվ ձեռք են բերվել արդյունքներ, որոնք մատնանշում են գործիքներն ու մեխանիզմները` կենտրոնանալով ավելի որակյալ ծառայությունների թափանցիկության վրա:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշել է. «Սա մեր բազմաթիվ ձեռքբերումներից մեկն է, բայց այն առանցքային նշանակություն ունի, որովհետեւ ավելի է ամրապնդում խորհրդարանի ներկայացուցչական գործառույթը»: Նրա խոսքով` այս վերափոխված եւ արդիականացված քաղաքացիների ընդունելության կենտրոնն արտացոլում եւ ներկայացնում է նոր Հայաստանի հայեցակարգը եւ տեսլականը` ավելի մոտ լինել ժողովրդին: «Մենք պիտի համագործակցենք եւ ամրապնդենք այն ջանքերը, որոնք ուղղված են ՀՀ ԱԺ-ի կողմից հանրային ներգրավածության ընդլայնմանը»,- ընդգծել է Նաթիա Նացվլիշվիլին:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի անունից ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել այս կարեւոր միջոցառմանը մասնակցելու համար: «Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել դեսպաններին եւ ձեր թիմերին անձնական ներգրավվածության համար: Այն ցույց է տալիս ձեր վերաբերմունքը, թե ինչ անմիջականությամբ եւ կարեւորությամբ եք դուք վերաբերվում այս ծրագրին»,- ասել է պատգամավորը:
Նշենք, որ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը մեկնարկել է 2019 թ., որի գաղափարն է աջակցել ՀՀ ԱԺ-ին եւ աշխատակազմին` հզորացնելու կարողությունները պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում:
Կարծիքներ