Ռուս խաղաղապահները պետք է ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրք վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպեն
«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի հետ
–Ինչպես եք գնահատում մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները: Ի՞նչ է տեղի ունենում: Ինչպե՞ս են ադրբեջանցիները ներխուժել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի:
-Պիտի խոստովանեմ, որ տեղի ունեցած իրադարձությունը տարօրինակ է, որովհետև Փառուխ հասնելու համար ադրբեջանցիները անցել են ռուս խաղաղապահների թիկունք: Ընդ որում ադրբեջանցիների հայտարարություններից, գործողություններից ակնհայտ էր, որ նրանք այդ հատվածում սադրանք են պատրաստում: Ռուս խաղաղապահների գործողությունների կամ անգործության մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև կա տեղեկատվության պակաս: Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ անպատասխան հարցեր: Այս իրադրությունը հիշեցնում է 2020 թվականի դեկտեմբերի Խծաբերդի հայտնի դեպքերը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ նույնպես խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Բայց մինչև օրս այդ հատվածում խաղաղապահների գործողությունների կամ անգործության մասին նույնպես պատասխաններ չունենք: Այս պահին կարող ենք ասել, որ գործողությունները ավելի խոսուն են, քան բառերը, որովհետև մենք չեն տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ կատարում է: Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հենց այդպիսի գործողություններ է ակնկալում:
– Ինչ գործողությունների մասին է խոսքը:
-Կարծում եմ խաղաղապահները պետք է ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրք վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպեն և ադրբեջանցիներին թույլ չտան դիրքերում ամրանալու գործողություններ իրականացնել: Հիմա նման գործողություններ են նկատվում, կրկին խաղաղապահների աչքի առաջ:
Կարծիքներ