Մեկնարկել է համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը
Մեկնարկել է Համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ:
Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների, բուհերի ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով խորհրդաժողովի անցկացումը՝ որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու գաղթօջախներում հայկական կրթության կազմակերպման հաջողված փորձառությունները, Հայաստանում իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումները, քննարկելու սփյուռքում հայկական կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացման խնդիրները, Հայաստան-սփյուռք կրթամշակութային կապերի զարգացման հնարավորությունները:
Արթուր Մարտիրոսյանը սփյուռքի համայնքներում կրթության կազմակերպման վերաբերյալ խորհրդաժողովի շրջանակում առանձնացրել է 3 հիմնական խնդիր:
«Առաջին հերթին քննարկելու համար թիրախային ենք համարում տվյալ համայնքի իրողությունը՝ հայապահպանության փաստացի մակարդակը, այդ թվում, դիցուք, լեզվի իմացության մակարդակը, կրթության կազմակերպման համար համայնքային ենթակառուցվածքների առկայությունը, համայնքի միատարրությունը՝ կապված միգրացիոն ալիքի հետ և այլն: Փորձելու ենք գտնել այն ընդհանուր խնդիրները, որոնք բնորոշ են բոլոր համայնքներին՝ փնտրելով համարժեք լուծումներ: Եթե, օրինակ, հնարավոր չէ ամենօրյա ռեժիմով հայկական կրթություն կազմակերպել, ապա ինչպե՞ս գտնենք լուծում լրացուցիչ ու շարունակական կրթության միջոցով, ինչպե՞ս ծրագրերը ներառենք հիմնական դպրոցի ուսումնական պլանում՝ ըստ տվյալ երկրի օրենսդրության ընձեռած հնարավորության: Այստեղ կարող են քննարկվել մեկօրյա դպրոցի շրջանակներում կամ հեռաուսուցման միջոցով ուսուցում կազմակերպելու հարցերը»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ շեշտելով, որ կարևոր է սփյուռքի գաղթօջախներից հաջողված փորձի տարածումը, միմյանց միջև փորձի փոխանակումը:
Ըստ նրա՝ երկրորդ խնդիրը սփյուռքում կազմակերպվող կրթական ծրագրերը Հայաստանի կրթության բովանդակությանը հնարավորինս համահունչ դարձնելն է: «Այսօր լայնածավալ բարեփոխումների ակտիվ փուլում ենք կրթության բոլոր մակարդակներում․ շատ ենք կարևորում սփյուռքի կրթական ծրագրերի համադրելիությունը հանրակրթության պետական չափորոշչին, որպեսզի, օրինակ, վերադառնալով Հայաստան՝ երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն կրթական համակարգին, իսկ հակառակ պարագայում տիրապետեն կրթության հնարավորինս համանման բովանդակության»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Որպես երրորդ առաջնահերթություն՝ նա անդրադարձել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի ռազմավարության պետական ծրագրին՝ նշելով, որ դրանից բխող մի շարք միջոցառումներ համահունչ են միջազգային միտումներին. «Կրթության բարեփոխումների համատեքստում մեծ կարևորություն է տրվում թվային տեխնոլոգիաների ներդրմանը, սովորողների արդյունքահեն ցուցանիշների սահմանմանը, էկոլոգիական կրթությանը, որոնք համահունչ են «Փոխակերպումային կրթություն 2030» ծրագրի օրակարգին, որին միացել է նաև Հայաստանը, և այդ բոլոր առաջնահերթությունները ներառված են նաև Հանրակրթության պետական չափորոշչում»:
Նա շեշտել է, որ սփյուռքի հետ երկխոսության բոլոր հարթակներում առանձնակի կարևոր են սփյուռքի ներկայացուցիչների կարծիքները. «Խորհրդաժողովի արդյունքում ընդունվելիք բանաձևի մեջ, մասնավորապես, ակնկալում ենք ստանալ արժեքավոր առաջարկներ, նորովի լուծումներ խնդիրներին, որոնք կարող են ձևակերպվել որպես ծրագրեր՝ ֆինանսավորման ենթակա թե՛ պետական բյուջեի, թե՛ մասնավոր ոլորտի ներգրավման (այդ թվում և սփյուռքից)»,- խոսքը եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը և շնորհակալություն հայտնել մասնակիցներին սփյուռքում հայկական կրթության գործընթացի անխոնջ մշակը լինելու համար՝ նշելով, որ նրանց համար հայապահպանությունն առաքելություն է, ոչ թե աշխատանք կամ պարզապես զբաղվածություն:
Արթուր Մարտիրոսյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ պետական ֆինանսավորմամբ սփյուռքի 12 երկրներում գործում են 15 հայագիտական կենտրոններ, և օրակարգային է ցանցային հայագիտական համալսարանի գաղափարը, որի նպատակն է խրախուսել գիտահետազոտական կապերի ամրապնդումը, նոր հետազոտությունների, գիտական ծրագրերի իրականացումը, ակադեմիական և ուսանողական շարժունությունը՝ մեծացնելով կենտրոնների գրավչությունը: Ըստ նրա՝ նոյեմբերին նախատեսվում է եվրոպական որևէ երկրում հայագիտական կոնֆերանս՝ ուղենշելու ոլորտում հաջորդական քայլերը:
Խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:
ՌԴ Կրասնոդարի երկրամասը ներկայացնող Երազիկ Հարությունյանը, որը սփյուռքի համար ստեղծված ուսումնական ձեռնարկների հեղինակ է և համակարգում է «Հայք մեդիա» հարթակի կրթական ծրագրերը, ասում է. «Կրասնոդարում հայ բնակչությունը ստվար է, և միայն լրացուցիչ կրթությունը բավարար չէ: Կարծում եմ՝ կարևոր է հայերենի դասավանդումը հանրակրթության մեջ ներառելու խնդիրը»: Նա կարևորել է խորհրդաժողովը մեկ հարթակում սփյուռքի կրթության կազմակերպման խնդիրները, մտահոգությունները բարձրաձայնելու, անելիքները հստակեցնելու տեսանկյունից:
Բեթթի Քելեշյանը՝ Սիրիայից, տեղափոխվում է Քուվեյթ՝ հայկական դպրոցում դասավանդման աշխատանք կատարելու համար: Նա նշում է՝ Հալեպում, որտեղ ինքն աշխատել է, բոլոր հայկական դպրոցները շարունակել են գործել անգամ պատերազմական օրերին՝ անկախ դժվարություններից: Նա խորհրդաժողովին մասնակցում է առաջին անգամ և ակնկալում է, որ այն կնպաստի Հայաստանի և սփյուռքի կրթական ծրագրերի համապատասխանեցման խնդրի լուծմանը, որպեսզի Հայաստան վերադարձող կամ հեռացող երեխան տարբերություն չզգա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ:
Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովների նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:
Խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքի տարբեր տարածաշրջաններում կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում են համագործակցության եզրերը և որոշակիացնում հետագա խնդիրներն ու անելիքները:
Այս տարվա խորհրդաժողովի օրակարգում լիագումար նիստերում նախատեսված են զեկույցներ «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության, Հանրակրթության նոր չափորոշչի և դասագրքերի, ՀՀ պետական լեզվաքաղաքականության, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ: Սփյուռքից պատվիրակները կներկայացնեն իրենց համայնքներում կրթության կազմակերպման գործի ներկայիս վիճակը, ձեռքբերումները, մեթոդական նորարարությունները, հայագիտական կենտրոնների գործունեությունը:
Խորհրդաժողովն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 5-9-ը Աղվերանում:
Խորհրդաժողովն ամփոփվելու է Համահայկական խորհրդաժողովի բանաձևի ընդունմամբ, որը կազմվելու է քննարկումների արդյունքներով:
Կարծիքներ