ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բարեփոխումներ են իրականացրել նախադպրոցական կրթության, հանրակրթության, գիտության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն ասաց, որ նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացման նպատակով  20 բնակավայրում մոդուլային մանկապարտեզներ են կառուցվել: «Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ են ներդրվել 10 բնակավայրերում՝ յուրաքանչյուրին տրամադրելով շուրջ 7,8 մլն դրամ դրամաշնորհ։ Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգ է հաստատվել»,-տեղեկացրեց Վահրամ Դումանյանը:

Նա կարևորեց նաև նախադպրոցական կրթության բովանդակային բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախադպրոցական կրթության չափորոշչն է հաստատվել և դրա հիման վրա նախադպրոցական կրթական ծրագրեր են մշակվել:

Անդրադառնալով հանրակրթությանը Դումանյանն ասաց, որ 2021 թվականին ԿԳՄՍ բյուջեով տարբեր ծրագրերով կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել 88 դպրոց, ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները։ 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել են ընդհանուր առմամբ 335 լաբորատորիաներ: Ներկայում ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը՝ նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ։ Կառավարության որոշմամբ՝ Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում կստեղծվեն 14 ինժեներական լաբորատորիաներ։

Խոսելով գիտության մասին՝ նախարարը հիշեցրեց, որ 2021-ի մայիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով փոփոխություններ են կատարվել Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգում: Որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ մինչև 2025 թվականը աստիճանաբար զգալիորեն կբարձրանա գիտական կադրերի որակավորում անցած գիտաշխատողների բազային աշխատավարձը: Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը հաշվարկվելու է աղյուսակով՝ տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի (66 140 դրամ) արտադրյալով: 

Նախարարության ուշադրության կենտրոնում է եղել նաև մշակույթը: 2022 թվականին մշակույթին հատկացված գումարը հասցվել է այդ ոլորտի՝ 2020 թվականի հատկացումներին՝ կազմելով 1 մլրդ 589 մլն 13 հազար դրամ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցել է սփյուռքի հետ՝ տարբեր ծրագրերով նպաստելով սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր՝ հեռավար ձևաչափով: 18 երկրների 100-ից ավելի կրթօջախներին տրամադրվել է շուրջ 44 000 կտոր գրականություն:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում