Հայաստանում առաջին անգամ դասընթացներ կանցկացվեն «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ի շրջանակում
Երիտասարդ դիրիժորները հուլիսի 2-6-ը հնարավորություն կունենան Երևանում մասնակցելու «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ի բացառիկ դասընթացներին:
Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Primavera Foundation of Armenia հիմնադրամը:
Դասընթացների մասնակիցները կարող են անհատական փորձեր անցկացնել սիմֆոնիկ նվագախմբի հետ և մասնակցել սեմինարի՝ «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս»: Թե՛ նվագախմբային փորձերը, թե սեմինարը կվարի դիրիժոր Վասիլի Պետրենկոն: Դասընթացների ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ միասին կմասնակցեն գալահամերգին՝ ղեկավարելով այն ստեղծագործությունները, որոնց վրա աշխատել են նախորդող օրերին: Ակադեմիայի փորձերն ու գալահամերգը տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դասընթացների և գալահամերգի նվագախումբը կազմված է լինելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից:
Մաեստրո Պետրենկոն նշում է. «Ակադեմիան երիտասարդ դիրիժորներին հնարավորություն կտա պրակտիկ համատեղ աշխատանք ունենալ ավելի փորձառու և ավելի հարուստ ճանապարհ անցած մասնագետի հետ, աշխատել իրական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի, կատարելագործման և հնարավորությունների ընձեռման միջոց է»:
Ակադեմիայի ակտիվ մասնակիցների հայտերն ընդունվում են ողջ աշխարհից մինչև 2024 թվականի հունիսի 3-ը: Մասնակիցները պետք է ծնված լինեն 1989-2006 թվականները ներառյալ: Հայտերը կարելի է լրացնել և ծանոթանալ մանրամասներին Primavera Foundation of Armenia-ի կայքում:
«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն տարածաշրջանի համար նախադեպը չունեցող ամենամյա կրթական ծրագիր է, որը մեծ փորձառություն և խթան կհանդիսանա երիտասարդ դիրիժորների համար:
Վասիլի Պետրենկոն՝ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը (2021-ից) և Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015-ից), 15 տարի լինելով Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը՝ այժմ վերջինիս դափնեկիր դիրիժորն է: Եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013–2020): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:
Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի փառատոներում: Պետրենկոյի երկացանկում կա մոտ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի և Միխաիլովյան օպերային թատրոններում և Գլայնդեբուրնի փառատում:
Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:
Կարծիքներ