Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա
Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց արտահանման համար հնարավոր դյուրացումների մասին:
«Առհասարակ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին ֆիզիկապես այցելելու կարիք չեն ունենա: Այլևս անհրաժեշտություն չի առաջանա մաքսային մարմին այցելելու, կստանա էլեկտրոնային ծանուցում և դրան կպատասխանի, կամ կճշգրտի հայտարարագիրը, կամ չի համաձայնի, կամ բողոքարկում կնախաձեռնի էլեկտրոնային հարթակի միջոցով: Այսինքն՝ մաքսային մարմին և հարկ վճարող տնտեսավարող ֆիզիկական կապը առհասարակ կարող ենք բացառել՝ չհաշված վարորդներին»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Կարծիքներ