Շահագրգռված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և դրա շուրջ բանակցությունների մեկնարկով. Փաշինյան

Շահագրգռված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և դրա շուրջ բանակցությունների մեկնարկով. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ և պայմանագրի բանակցությունների մեկնարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անվտանգության երաշխիքների, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կոնտեքստում հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում Ադրբեջանի հետ:

«Մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի կնքման և պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկն էլ խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Եվ մենք դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվելու»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանության՝ երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ցանկության համատեքստում անտրամաբանական կլինի ասել, թե չեն ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին: «Իհարկե, մեր կարևոր նպատակներից է  համապարփակ խաղաղության պայմանագիրը, համապարփակ լուծումը: Մեծ հաշվով բոլոր բանակցությունները, այս ամենի մասին, որ խոսում ենք, ինչի՞ մասին ենք խոսում. խաղաղության պայմանագրի, նաև՝ հնարավոր դրույթների, բովանդակության մասին ենք խոսում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ քարոզչական քաոսի պատճառով նաև անընդհատ փորձ է արվում տպավորություն  ստեղծել, թե ՀՀ իշխանությունները դեմ են դեմարկացիային և դելիմիտացիային: Նա վստահեցրեց, որ նման բան չկա: «Տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք: Իհարկե, դեմ չենք, իհարկե՝ կողմ ենք, շահագրգռված ենք»,-ասաց նա:

Հայաստանը ցանկանում է նաև կոմունիկացիաների բացում, և այդ բոլոր ուղղություններով գնալու է առաջ: Փաշինյանը պարզ է համարում, որ այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն առավել արտահայտված լինեն, Հայաստանն էլ փորձելու է այնպես անել, որ իր շահերն արտահայտված լինեն:

«Բայց, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և Հայաստանին, և Ադրբեջանին, այդ պարագայում, գուցե, բանակցային սեղանն ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու, և ինչ-որ նոր սխեմա ձևավորելու հնարավորություն լինի»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային:

Փաշինյանի խոսքով, Սոչիից հետո, սակայն, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ են դրել այդ խոսակցությունը: Բրյուսելից հետո, նրա խոսքով, բարեբախտաբար,  այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում