Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Միլանում բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու ճանաչել Արցախի անկախությունը
Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 6-ին Միլանի քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալա հրապարակում, բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու ճանաչել Արցախի անկախությունը:
Ցույցի ընթացքում հնչել են կոչեր՝ ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Միլանի և Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ համայնքին աջակից իտալացիները արտահայտեցին իրենց զօրակցությունը հայրենիքում գտնվող մեր հայրենակիցներին։
Ցույցի ընթացքում Իտալիայի Հայերի Միության նախագահ Պայքար Սվազլըեանը խոսել է այն մասին, որ Իտալիայի հայոց միության կողմից Իտալիայի նախագահին, Իտալիայի վարչապետին, ինչպես նաև՝ արտգործնախարարությանը կոչ է արվել ավելի հստակեցնել իրենց գաղափարները Արցախի Հանրապետության դեմ (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի և Թուրքիայի ձեռնարկած ագրեսիայի վերաբերյալ։
ՀԲԸ Միութեան Միլանի մասնաճյուղի ատենապետուհի Գայանե Խոդավերդին շեշտել է, որ ցույցի բուն նպատակներից մեկը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։
Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ, Հոգեշնորհ Տ. Տիրայր Վարդապետ Հակոբյանը շեշտել է, որ ամբողջ աշխարհով համախմված հայությունը ճշմարտության օրրան համարվող Եվրոպայից պահանջում է ճանաչել ճշմարտությունը և պատրաստ է պայքարելու հանուն մեր հայրենիքի և հանուն ճշմարտության։
Քաղաքական ներկայացուցիչ և լրագրող Ալեսսանդրո Լիտտա Մոդիլիանին, որը հանդիսանում է «+ Եվրոպա» կուսակցության անդամ, խոսել է Բաքվի և Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև՝ Արցախի ժողովրդի անկախ և ազատ երկրում ապրելու իրավունքի մասին։
Խաղաղ ցույցից օրեր առաջ հայ համայնքը իրականացրել էր նաև դրամահավաք՝ Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով։
Կարծիքներ