«Քայլ դեպի տուն» ծրագիրը հավանաբար կանցկացվի օգոստոսին առցանց հարթակում
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը հավանաբար կիրականացվի օգոստոսին օնլայն հարթակում:
«Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով առցանց քննարկմանն ասաց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շեշտելով, որ փորձում են սփյուռքի հետ կապը պահպանել առցանց հարթակում: Շաբաթական երկու անգամ կազմակերպում են առցանց հանդիպումներ տարբեր համայնքների ներկայացուցչների հետ, փորձում են քննարկել կարևոր հարցեր:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակում սփյուռքում ապրող հայ երեխաների համար անցկացվում են հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ և կազմակերպվում են ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրերում, հավանաբար կիրականացվի օգոստոսին օնլայն հարթակում: Երեխաների համար առցանց հարթակ կստեղծվի Հայաստանի հետ կապը պահպանելու նպատակով»,-նշեց նա:
Խոսելով «Ի գործ» ծրագրից, որը սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում և նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանն ու մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը, Սինանյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում այն զարգացել է: «Մենք չկարողացանք կյանքի կոչել սեպտեմբերին նախատեսված լայնածավալ կոնֆերանսները և մի շարք այլ նախաձեռնություններ, բայց այս ընթացքում ակնհայտ էր, որ կառավարությունը երիտասարդ մասնագետների, թարմ գաղափարների կարիք ունի: Ծրագրին դիմեցին բազմաթիվ երիտասարդներ 20 տարբեր բաժիններում աշխատելու համար: Հնարավոր է՝ այս տարի 100 երիտասարդ գիտնական կարողանանք ներգրավել կառավարության որոշումների կայացման գործընթացում»,-շեշտեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
Կարծիքներ