Մատենադարանը կշարունակի ընդլայնել գործնական դերակատարությունը միջազգային գրավոր ժառանգության պահպանման գործում

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ժնևում հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազի և Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանի հետ:
Շառլ Պերսոնազը տնօրենին է փոխանցել Ֆրանսիայում Մատենադարանի վերականգնող մասնագետների վերապատրաստման պաշտոնական հրավերը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2024 թ. նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Արա Խզմալյանը ներկայացրել է վերականգնման ոլորտում 2024-ին իրականացրած բարեփոխումներն ու ձեռքբերումները՝ ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը, նորագույն սարքավորումների ձեռքբերումը, նոր կադրերի պատրաստման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի տրամադրած հաստիքները, վերականգնման թղթի արտադրամասի հիմնման ընթացքը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացող՝ ԼՂ-ում գրված ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի, ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Էրբիլի (Իրաք) ձեռագրական ժառանգության վերականգնման ծրագրերը:
Տնօրենը շեշտել է, որ վերականգնման ոլորտի համակողմանի բարեփոխումները նպատակ ունեն Մատենադարանը դարձնելու միջազգային ձեռագրական ժառանգության վերականգնման գործընթացը համակարգող կառույց:
ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր բոլոր եղանակներով աջակցել գաղափարի իրականացմանը և համագործակցությունը սկսել Մատենադարանի արաբատառ ձեռագրերի հավաքածուի վերականգնման և ուսումնասիրման լաբորատորիա ստեղծելու ծրագրից:
Գործնական հաջորդ հանդիպումները տեղի կունենան ապրիլին, այնուհետև աշնանը՝ Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում:
Հանդիպումը նախաձեռնել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Կարծիքներ