Փակենք 2020 թ. դժնդակ էջը և գալիք տարվա շեմը հատենք նոր հավատով, ապագայի նկատմամբ լավատեսությամբ. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Փակենք 2020 թ. դժնդակ էջը և գալիք տարվա շեմը հատենք նոր հավատով, ապագայի նկատմամբ լավատեսությամբ. ՀՀ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով:

«Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող տարին նոր մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման, անսպասելի իրողությունների տարի էր:

2020 թ. սկսվեց ու դեռևս շարունակվում է համաշխարհային աղետը, որից անմասն չմնացինք նաև մենք: Դա նոր իրականություն էր հանրային կյանքում և պահանջում էր հրատապ լուծումներ: Արձանագրենք, որ համավարակի պայմաններում ջանք չխնայվեց կրթության ու գիտության շարունակականության, մշակութային ու մարզական կյանքի ակտիվության ապահովման համար՝ ընդառաջ գնալով ժամանակի հրամայականին, սովորելով ու նախաձեռնելով։

Ցավով պետք է նշեմ նաև, որ տարին մեզ համար ամփոփվեց անդառնալի կորուստների, մեր հազարամյա պատմությունն ու ներկան վերարժևորելու, 44 օր ադրբեջանա-թուրքական զինված խմբավորումների դեմ պայքարելուց հետո հայրենիքի նոր տեսլական կերտելու և նոր մարտահրավերներին դիմակայելու, ապագայի նկատմամբ հավատն ամրացնելու իրողություններով:

2020 թվականը շրջադարձային էր, պատմական և որոշիչ, բայց՝ նաև սթափեցնող, գաղափարական ու հոգևոր վերածննդի, կամքի և տոկունության նոր փուլի սկիզբ ազդարարող: Սկիզբ, որի հիմքում պետք է լինեն սերը, բարությունն ու հանդուրժողականությունը, հզոր կրթությունն ու գիտությունը, արվեստն ու սպորտը: Փակենք 2020 թ. դժնդակ էջը և գալիք տարվա շեմը հատենք նոր հավատով, ապագայի նկատմամբ լավատեսությամբ, միահամուռ ուժերով հայրենիքը շենացնելու անվարան պատրաստակամությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, մարզաշխարհի ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ,

2021 թվականը թող լինի կրթության շարունակականության նոր որակի, գիտակրթական համակարգի բարեփոխումների, մասնագիտական աճի, գաղափարների առաջնահերթության, մշակութային կյանքի առաջընթացի, նորի արարման, սպորտում պարբերական հաղթանակների և, առհասարակ, վերազարթոնքի տարի:

Բարին ընդ մեզ»,- ասված է նախարար Դումանյանի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում