Մայրն է ընտանիքի ամրության, զավակների հայրենանվեր դաստիարակության երաշխավորը. Սասուն Միքայելյանի ուղերձը
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.
Հայոց հերոսածին մայրեր,
Սիրելի՛ կանայք, քույրեր, դուստրեր
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ:
Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնի օրը ցանկանում եմ, որ Աստծո օրհնությունը լինի յուրաքանչյուրիդ օջախում:
Մայրությունը կնոջ ամենամեծ կոչումն ու առաքելությունն է: Մայրն է ընտանիքի ամրության, զավակների հայրենանվեր դաստիարակության երաշխավորը:
Խոնարհվում եմ հայոց մայրերի առջեւ. առանձնահատուկ խոնարհումս անմահացած հայորդիների մայրերին՝ շնորհակալ եմ հայրենիքի համար հերոս որդիներ դաստիարակելու համար. նրանց սխրանքն անմահ է:
Շնորհավորում եմ զինվորական ծառայություն իրականացնող կանանց, երկրապահ կամավորական հայուհիներին, առանձնահատուկ շնորհավորանքս՝ «Պատանի երկրապահ» ակումբի աղջիկներին՝ այս տարիքից Դուք արդեն հասուն մտածելակերպով ընդգրկվում եք մեր շարքերում եւ ձեր հնարավորությունների սահմաններում աջակից եք լինում հայրենանվեր մեր նախաձեռնություններին:
Փա՛ռք ու պատիվ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած հայուհիներին:
Թանկագին մայրեր, կանայք, աղջիկներ
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, թող իրականանան Ձեր ամենանվիրական երազանքները, երջանիկ ու առողջ լինեք:
Խաղաղություն մեր երկրին:
Կարծիքներ