ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը մինչև հուլիսի 14-ը պետք է բանտ ներկայանա
Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դաշնային դատարանը նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին հանձնարարական է տվել մինչև հուլիսի 14-ը ներկայանալ բանտերի բյուրո պատիժը կրելու համար: Այդ մասին ասված է դատավոր Էմի Բերման Ջեքսոնի որոշման մեջ, որն ուրբաթ օրը տեղադրվել է դատական ատյանի տվյալների բազայում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, փետրվարի 20-ին Սթոունը երեք տարի չորս ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել:
Ամբաստանյալը բազմիցս հայցել է, որ բանտ ժամանելու ժամանակը հետաձգվի, հունիսի 30-ին պետք է ավարտվեր հերթական ժամկետը:
Նախկին խորհրդականը միջնորդել էր, որ այն երկարաձգվի մինչև սեպտեմբերի 3-ը` բանտում նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկի պատճառով:
«Որոշում եմ մասնակիորեն բավարարել ժամանման ժամկետը երկարացնելու վերաբերյալ ամբաստանյալի հայցադիմումը: Դատապարտյալի մուտքի ժամկետը հետաձգվում է 14 օրով՝ մինչև հուլիսի 14-ը»,- ասվում է տեքստում:
Սթոունը կալանավորվել է Ֆլորիդայի Ֆորտ Լաուդերդեյլ քաղաքում նախորդ տարվա հունվարի 25-ին: Փետրվարի 20-ին նա երեք տարի չորս ամիս ժամկետով դատապարտվել է ազատազրկման՝ կեղծ ցուցմունքներ տալու, Կոնգրեսի կողմից անցկացվող հետաքննությունը խափանելու և վկային ահաբեկելու փորձերի համար:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի աշխատակիցները Սթոունին մեղադրել են «WikiLeaks»-ի հակերներից գողացված նյութեր ձեռք բերելու փորձի մեջ, ինչը կարող էր վնասել 2016 թվականի ընտրություններում Թրամփի մրցակցին՝ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:
ԱՄՆ հետախուզական գործակալությունները մեղադրում են Ռուսաստանին 2016 թվականին ԱՄՆ ընտրական գործընթացին միջամտելու մեջ: Գրեթե երկու տարի ՀԴԲ նախկին ղեկավար Մյուլերը զբաղվում էր միջամտման այդ ենթադրյալ փորձերի հետաքննությամբ:
2019 թվականի ապրիլի 18-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է իր վերջին զեկույցը, որում հատուկ դատախազը խոստովանել է, որ չի բացահայտել Ռուսաստանի Դաշնության հետ ընտրություններում շահած Թրամփի դավադրության մասին փաստեր: Թրամփը բազմիցս մերժել է նախագահական քարոզարշավի ընթացքում ռուս պաշտոնյաների հետ ցանկացած ոչ իրավաչափ կապի կասկածները:
Մոսկվան ԱՄՆ ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի վերաբերյալ մեղադրանքներն անհիմն է անվանել:
Թրամփը Սթոունի դատավարությունն անվանել էր անարդար:
Կարծիքներ