Վարչապետի որոշմամբ Արցախ է գործուղվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 9 հոգանոց խումբ

Վարչապետի որոշմամբ Արցախ է գործուղվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 9 հոգանոց խումբ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են.

«ՀՀ վարչապետի 2020թ․ հոկտեմբերի 17-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 19-23-ը ընկած ժամանակահատվածում, Արցախի հանրապետություն է գործուղվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 9 հոգուց բաղկացած խումբը` Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ:

Գործուղման նպատակն Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատների հետ համատեղ Արցախի բնակչությանն այս դժվարին ժամանակահատվածում անհրաժեշտ օգնություն տրամադրելը, ինչպես նաև համատեղ ջանքերով հումանիտար աշխատանքներում ընդգրկված լինելն է։

Նշենք, որ Տեսչական մարմնի թիմը հայտնել է իր անվերապահ աջակցությունը և պատրաստակամությունը ոչ միայն ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին պարենային մթերք, դեղորայք մատակարարելու, այլև կատարելու ցանկացած առաջադրանք, այդ կերպ թիկունքից իր նպաստը բերելով պատերազմող Արցախ հանրապետությանը:

ԱՀ Արտակարգ իրավիչակների պետական ծառայության տնօրեն գնդապետ, պարետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անձնակազմին՝ թիկունքային աշխատանքներում ընդգրկվելու և իրենց վերապահված առաքելությունը բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում