Արդեն մտնում ենք շինարարության փուլ. Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի մասին
Հայտարարվել էր մրցույթ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման վերաբերյալ. մրցույթի արդյունքներով կա հաղթող, մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021 թվականին մենք պայմանագիր կնքեցինք նախագծող կազմակերպության հետ. նախագիծը, ըստ էության, 510 օր է նախատեսված, բայց երբ սկսեցինք բանակցություններ համաձայնագիրը ստորագրելու շուրջ, իրենք հայտնեցին, որ 510 օրից շուտ կարող են իրականացնել. նախագիծն ընդհանուր առմամբ 3 փուլով է լինելու»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Որոշումը կայացված է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանը պետք է կառուցվի. մենք 1 մլրդ դրամ ենք ծախսում նախագծման աշխատանքների վրա: Ի՛նչ կարժենա ընդհանուր շինարարությունը՝ արդեն նախագծման արդյունքներով կերևա»,- ասաց վարչապետը։
Նա նկատեց, որ ծրագիրը ռազմավարական է, որովհետև մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ արդեն հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս։
Կարծիքներ