SIPRI-ի զեկույցը. Պանդեմիան կարող է փոխել աշխարհում զենքի արտահանման ծավալները
ԱՄՆ-ն շարունակում է մնալ զենքի եւ ռազմատեխնիկայի վաճառքի համաշխարհային առաջատարը, մինչդեռ Սաուդյան Արաբիան զենքի գնման հարցում զբաղեցնում է առաջին տեղը: Ընդհանուր առմամբ զենքի միջազգային առեւտրի ծավալը 2016-ից մինչեւ 2020 թվականը նախորդ հինգ տարիների համեմատ մնացել է անփոփոխ. զենքի 5 խոշոր արտահանողներից 3-ի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից մատակարարումների էական ավելացումը զգալիորեն փոխհատուցվել է ռուսական եւ չինական զենքի արտահանման կրճատմամբ: Նման եզրակացության են եկել Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) զեկույցի հեղինակները: Զեկույցը հրապարակվել է մարտի 15-ին, հաղորդում է «DW»-ը:
Զենքի վաճառքի ծավալները 10 տարում չեն ավելացել
2001-2005 թվականներից ի վեր զենքի հիմնական տեսակների վաճառքի ծավալները 2011-2015 եւ 2016-2020 թվականներին չեն ավելացել: Այնուամենայնիվ, զենքի առեւտրի մասշտաբները մնում են սառը պատերազմի ավարտից ի վեր ամենաբարձր մակարդակին մոտ:
«Դեռ վաղ է եզրակացնել, որ սպառազինության մատակարարման արագ ավելացման քսանամյա ժամանակահատվածն ավարտված է»,-ասում է SIPRI-ի փորձագետ Փիթեր Վեզեմանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետեւանքները դեռ կարող են մի շարք պետությունների ստիպել առաջիկա տարիներին վերանայել զենքի ներկրման իրենց ծավալները: Միեւնույն ժամանակ, նույնիսկ 2020-ին համաճարակի ամենաթեժ պահին որոշ երկրներ խոշոր պայմանագրեր են կնքել զենքի հիմնական տեսակների մատակարարման համար:
ԱՄՆ-ն զենքի վաճառքի համաշխարհային առաջատարն է
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհում զենքի խոշորագույն արտահանողը, իսկ ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհի ընդհանուր ծավալի ավելի քան մեկ երրորդը: Միեւնույն ժամանակ, այս ժամանակահատվածում զենքի համաշխարհային վաճառքում ամերիկյան արտահանման մասնաբաժինը 32-ից հասել է 37 տոկոսի: Անցած հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ն զենք եւ ռազմատեխնիկա է վաճառել 96 երկրների՝ գերազանցելով զենքի այլ մատակարարների ցուցանիշները:
ԱՄՆ-ից զենքի մատակարարումների գրեթե կեսը (47%) բաժին է ընկնում Մերձավոր Արեւելքի երկրներին, հիմնական գնորդը Սաուդյան Արաբիան է (24%): 2011-2020 թվականների ընթացքում ԱՄՆ զենքի արտահանումն աճել է 15 տոկոսով, ինչը էլ ավելի է ընդլայնել անջրպետը ԱՄՆ-ի եւ զենքի երկրորդ խոշոր արտահանող Ռուսաստանի միջեւ:
Ռուսական զենքի վաճառքները նվազել են
«2011-2020 թվականներին Ռուսաստանը զգալիորեն ավելացրել է զենքի մատակարարման ծավալները Չինաստանին, Ալժիրին եւ Եգիպտոսին, սակայն դա չի փոխհատուցել Հնդկաստանում զենքի արտահանման զգալի նվազումից կորուստները»,-ասում է SIPRI-ի ծրագրի գիտաշխատող Ալեքսանդրա Կուիմովան: Չնայած, ըստ նրա, Ռուսաստանը վերջերս ստորագրել է զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր մի քանի պետությունների հետ, եւ, հավանաբար, առաջիկա տարիներին կավելացնի սպառազինության արտահանման ծավալները, աշխարհի շատ տարածաշրջաններում ՌԴ-ն բախվում է ուժեղ մրցակցության ԱՄՆ-ի հետ:
Գերմանիան եւ Ֆրանսիան ավելացնում են զենքի արտահանման ծավալները
Աշխարհում զենքի երրորդ խոշոր վաճառողը Ֆրանսիան է, որը 2016-2020 թվականներին 44%-ով ավելացրել է հիմնական զենքի վաճառքը եւ ապահովել զենքի համաշխարհային շուկայի 8,2 տոկոսը: Փարիզը մատակարարման մասին խոշոր գործարքներ է կնքել Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Կաթարի հետ: Այս երեք երկրներին բաժին է ընկնում ֆրանսիական զենքի արտահանման 59 տոկոսը:
Գերմանիան շարունակում է զբաղեցնել զենքի մատակարարների շրջանում չորրորդ տեղը աշխարհում: Վերջին 10 տարվա ընթացքում երկիրը 21 տոկոսով ավելացրել է զենքի արտահանումը, նրան բաժին է ընկնում զենքի համաշխարհային առեւտրի 5,5 տոկոսը: Գերմանիայի հիմնական հաճախորդների թվում են Հարավային Կորեան, Ալժիրը եւ Եգիպտոսը:
Աշխարհում զենքի խոշոր արտահանողների հնգյակը եզրափակում է Չինաստանը: Վերջին հինգ տարիների ընթացքում Չինաստանում զենքի վաճառքները կրճատվել են 7,8 տոկոսով եւ կազմել ռազմատեխնիկայի համաշխարհային առեւտրի 5,2 տոկոսը: Չինական զենքի հիմնական գնորդներն էին Պակիստանը, Բանգլադեշը եւ Ալժիրը:
Զենքի հիմնական ներմուծողներն են Մերձավոր Արեւելքի երկրները
Առավել շատ զենք արտահանվում է Մերձավոր Արեւելք: Այս տարածաշրջանում վերջին 5 տարում սպառազինության հիմնական տեսակների ներմուծման մասնաբաժինն աճել է 25 տոկոսով՝ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Սա դարձել է Պարսից ծոցի տարածաշրջանի մի քանի պետությունների միջեւ տարածաշրջանային ռազմավարական մրցակցության արտացոլումը:
Զենքի խոշորագույն համաշխարհային ներմուծող Սաուդյան Արաբիան սպառազինության գնումները մեծացրե է 61 տոկոսով, Կատարը՝ 361 տոկոսով: Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից զենքի ներմուծումը կրճատվել է 37 տոկոսով, բայց խոշոր սպառազինության մատակարարումների մի քանի պայմանագրերը, այդ թվում 2020 թվականի ստորագրված 50 ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչներ գնելու մասին պայմանագիրը թույլ են տալիս ենթադրել, որ երկիրը սպառազինության ներմուծումն ավելացնելու է մեծ ծավալներով:
Եգիպտոսը անցած 10 տարում սպառազինության գնումը մեծացրել է 136 տոկոսով: Երկիրը, որը Թուրքիայի հետ մրցակցում է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ածխաջրածնային պաշարների յուրացման հարցում, զգալի միջոցներ է ներդրել ռազմածովային նավատորմի ամրապնդման մեջ:
2011 եւ 2020 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում թուրքական զենքի ներմուծումը կրճատվել է 59 տոկոսով: Դրա վրա մեծապես ազդել է 2019 թվականին Անկարային F-35 կործանիչ-ռմբակոծիչներ վաճառելուց ԱՄՆ-ի հրաժարվելը այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց զենթիահրթիռային համալիրներ: Ներմուծումից կախվածությունը նվազեցնելու նպատակով Թուրքիան մեծացրել է նաեւ սպառազինության հիմնական տեսակների ներքին արտադրությունը:
Կարծիքներ