Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը ԼՂ հիմնախնդրի հարցով կօգնի ելք գտնել տարածաշրջանում տիրող ներկա մտահոգիչ իրավիճակից. Սերգեյ Ռյաբկով
Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը ԼՂ հիմնախնդրի հարցով կօգնի ելք գտնել տարածաշրջանում տիրող ներկա մտահոգիչ իրավիճակից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն աջակցում են ինտենսիվ շփումներին այս հարցի շուրջ: «Հույս ունենք, որ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի ներկայիս տագնապալի, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու տեսանկյունից: Երկխոսություն է վարվում, որը կենտրոնանում է քաղաքական ազդակի ձևավորման վրա՝ հօգուտ տարածաշրջանում ապաէսկալացիայի, իրավիճակի կայունության»,- ասել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցը վերաբերում է մի շարք երկրների և կա հաստատված ձևաչափ, երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի հանդիսանում փոխարինող կամ այլընտրանք այդ ձևաչափին»:
Կարծիքներ