Ամեն օր Երևանյան լճից 10-12 բեռնատար աղբ ու տիղմ է տեղափոխվում. մաքրման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի գարնանը մեկնարկել է Երևանյան լճի լիարժեք մաքրումը:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կառուցման 1970 թվականից ի վեր լճում երբևէ այս ծավալի մաքրման գործընթաց չէր եղել: Ընդհանուր առմամբ, ավելի քան 12 հազար խմ աղբ է դուրս բերվել:
«Այս օրերին լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը:
«Նոյմեբերի 28-ից սկսել ենք այստեղ աշխատանքները: Այժմ Բագրատունյաց պողոտայից դեպի Շենգավիթ հնարավայր ընկած հատվածում ենք: Այստեղ գործը վերջացնելուց հետո պետք է անցնենք նաև դիմացի ափ: Ամեն օր 10-12 բեռնատար աղբ ու տիղմ է տեղափոխվում»,-ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը:
Այնտեղ, որտեղ տեխնիկայի աշխատանքն անհնարին է, աղբը հավաքվում է ձեռքով: Բայցևայնպես, լիճը մաքրելը դեռևս խնդրի վերջնական լուծում չէ, քանի դեռ քաղաքացիները աղբը նետում են ջուրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքպետարանի հավաստմամբ՝ աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են: Այս տարի նաև եղեգները չորացնելու ծավալուն գործ է արվել ավելի քան 8 հա տարածքում: Հաջորդ տարի գործընթացը կշարունակվի: Մինչ այդ տեխնիկան բացում է ճահճացած հատվածները:
«Այստեղ տիղմի հաստությունը որոշ տեղերում 4-5 մետր է: Մինչև հիմա լիճը տիղմից չէր մաքրվել, այնպես որ, անգամ այսքան ջանք թափելուց հետո մեր աշխատանքը տեսանելի չէ այնպես, ինչպես կցանկանայինք»,- ասում է Հովհաննես Մանուկյանը:
Ըստ աղբյուրի՝ լճի մաքրմանը զուգահեռ կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կշարունակվի նաև ափամերձ տարածքում հանգստի գոտու շինարարությունը:
Կարծիքներ