Շիրակի մարզի Բենիամին համայնքը մինչև տարեվերջ կունենա ասֆալտապատ ճանապարհ
Շիրակի մարզի Բենիամին համայնքում տարիներ առաջ կառուցված փողոցը վաղուց անմխիթար վիճակում է, այն շուտով կհիմնանորոգվի և կասֆալտապատվի պետություն-համայնք համագործակցության արդյունքում: freenews.am-ի հետ զրույցում ճանապարհից օգտվող վարոդները բողոքում են, որ ամեն շաբաթ իրենց մեքենաները նորոգման են կանգնեցնում, փողոցի վիճակը սարսափելի է: Շատ լավ է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, կառուցապատելու փողոցները: Բենիամինի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ալեքսանյանը նշում է, որ այս ճանապարհահատվածը շատ վատ վիճակում է, տարիներ շարունակ չի վերանորոգվել, գյուղի անցուդարձը հիմնականում այստեղից է, անգամ երեխաներն են խաղում հարակից տարածքում, վերանորոգման արդյունքում նաև փոշին կվերանա: Համայնքի խնդիրները շատ են. նորոգման կարիք ունի նաև 40 տարվա պատմություն ունեցող ոռոգման ցանցը, սակայն միշտ չէ, որ ցանկություններն ու ֆինանսական միջոցները համընկնում են: Ավագանու անդամների եւ հանրային քննարկումների արդյունքում որոշվել է նորոգել գյուղամիջյան ճանապարհի մինչեւ Երեւան-Գյումրի մայրուղի հասնող հատվածը: Ծրագիրը հավանության է արժանացել համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանը freenews.am-ի հետ զրույցում նշում է, որ բոլոր առումներով լավ է՝ շրջիկ առեւտրականների մուտքն ու ելքը կակտիվանա, ճանապարհների պատճառով կա՛մ չէին գալիս համայնք, կա՛մ գալու դեպքում դժգոհություն էին հայտնում: Արդեն փաստաթղթային աշխատանքներն ավարտված են և շուտով կհայտարարվի մրցութային փուլը: Նշենք, որ 31.5 մլն դրամ արժողությամբ ծրագրի 45%ը՝ 14 մլն 148 հազար դրամը կհատկացնի համայնքը՝ սեփական միջոցների հաշվին, իսկ 55%-ը՝ կառավարությունը: Համայնքի բնակիչները կառավարության այս քայլն արժեւորում են յուրովի: Համայնքը տարեվերջին արդեն ասֆալտապատ փողոց կունենա:
Կարծիքներ