Ճապոնիայում հորդառատ տեղումները չեն դադարում. Հոնսյու կղզում 500 տուն հեղեղվել է, Կյուսյու կղզում 80 մարդ է մահացել, 12 000 տուն՝ վնասվել (տեսանյութ)
Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևներից վարարած գետերը ջրհեղեղի պատճառ են դարձել, ինչի հետևանքով մոտ 500 բնակելի տուն հեղեղվել է, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Մասնավորապես, ջրի տակ են անցել Մոհամի գետի շրջակա տները, որոնց բնակիչները ժամանակին տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Տարհանման կենտրոններում այս պահին հարյուրավոր բնակիչներ են գտնվում:
Գետերի վարարումը հյուսիսային շրջանների ջրամատակարարման խափանումների է նաև հանգեցրել. առանց ջրի է մնացել 15 հիվանդանոց և տարեցների խնամքի մի քանի կենտրոն:
Հուլիսի սկզբից Ճապոնիայի մի շարք շրջաններում սկսված հորդառատ անձրևները չեն դադարում: Ամենամեծ վնասը Կյուսյու կղզի հարավարևմտյան շրջաններն են կրել՝ ջրհեղեղի և փլուզումների հետևանքով մինչ այժմ այդտեղ 80 մարդ է մահացել, շուրջ 12 000 բնակելի տուն վնասվել է:
Կարծիքներ