Ավելի քան 200 բուհ հանդես է եկել առցանց կրթության դեպքում օտարազգի ուսանողների մուտքն ԱՄՆ արգելելու մասին Թրամփի որոշման դեմ
ԱՄՆ 17 նահանգներից ավելի քան 200 համալսարան և քոլեջ հանդես են եկել առցանց կրթության դեպքում օտարազգի ուսանողների մուտքն ԱՄՆ արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ՝ պնդելով, որ այդ քաղաքականությունը վտանգում է ուսանողների անվտանգությունը և ստիպում է կրթական հաստատություններին վերանայել աշնանային ծրագրերը, որոնց պատրաստման համար նրանք ամիսներ են ծախսել, գրում է CNBC-ն։
Հաղորդվում է, որ կրթական հաստատությունները Հարվարդի համալսարանին և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին աջակցության վերաբերյալ դատական փաստաթղթեր են ստորագրել․ համալսարաններն ավելի վաղ հայցով դիմել էին Բոստոնի դատարան՝ վիճարկելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումն առ այն, որ ԱՄՆ-ում կրթություն ստացող օտարերկրյա ուսանողները ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշնանն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով անցկացվեն առցանց և ոչ թե առկա ձևաչափով։
Երկուշաբթի 59 համալսարանների ներկայացրած կարճ զեկույցում ասվում է, որ այդ օրենքը ստիպում է համալսարաններին վերանայել աշնանային ծրագրերը, որոնց պատրաստման համար նրանք ամիսներ են ծախսել: Նրանք վիճարկում են այս քաղաքականության իրավական հիմքերը՝ հայտնելով, որ այն «ստիպում է համալսարաններին կամ բացել իրենց դռները՝ անկախ հանրային առողջության ռիսկերից, կամ իրենց օտարերկրյա ուսանողներին ստիպել հեռանալ երկրից»։
180 քոլեջներից բաղկացած առանձին կոալիցիան նույնպես հայտարարություն է տարածել այն մասին, որ քոլեջներն «անելանելի իրավիճակում են հայտնվել» այդ քաղաքականության պատճառով:
Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից Միգրացիոն և մաքսային հսկողության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օտարերկրյա ուսանողները, որոնք կրթվում են ԱՄՆ-ում, ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշնանն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով առցանց ռեժիմի անցնեն։ Բացի այդ, ամերիկյան իշխանությունները նոր այցագիր չեն տրամադրի ԱՄՆ գնալու մտադրություն ունեցող այն ուսանողներին, որոնց ընտրած կամ ծրագրային կրթությունն առաջիկա կիսամյակում ամբողջությամբ անցկացվի առցանց ձևաչափով:
Կարծիքներ