Այդ ծառը ես եմ տնկել՝ իմ միջոցներով, այն մշտապես ջրվել է իմ խնդրանքով․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է Էդուարդ Հայրումյան օգտատիրոջ գրառմանն ու հրապարակած տեսանյութին, որում երևում էր չորացած մի ծառ: Ըստ օգտատիրոջ՝ տեսանյութում երևացող եղևնին տնկվել է երկու ճանապարհների արանքում՝ թունելի վրա ու առաջին իսկ օրվանից պարզ էր, որ կչորանա։
«Հարգելի Էդուարդ, այդ ծառը տնկել եմ ես՝ իմ միջոցներով, այն իմ կողմից Երևանում տնկված երկրորդ ծառն է: Առաջինը կարող եք տեսնել Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկին: Այս մեկ ծառի տնկման մասին տեղեկություն կա նաև համացանցում:
Ծառը մշտապես ջրվել է իմ խնդրանքով, հարակից շենքում աշխատող կազմակերպության կողմից, բայց, ցավոք, հիվանդության պատճառով այն չորացել է: Ես պատրաստվում եմ աշնանն այն փոխարինել նորով: Խնդրում եմ, տեսանյութներ պատրաստելիս ավելի լավ ուսումնասիրել թեման:
Երևանում տարեկան հարյուրավոր ծառեր են տնկվում և, բնական է, որ լինում են սխալներ, ինչպես այն, օրինակ, կա ձեր այս ծրագրում:
Հ.Գ. Կարևոր աշխատանք եք իրականացնում՝ քաղաքացիական վերահսկողության, որը միայն օգտակար կարող է լինել, եթե այն օբյեկտիվ է և անկեղծ, շնորհակալություն»:
Կարծիքներ