Բայդենը սպառնում է ռազմական հեղաշրջումից հետո նոր պատժամիջոցներ կիրառել Մյանմայի դեմ
Նախագահ Ջո Բայդենը սպառնում է ռազմական հեղաշրջումից հետո նոր պատժամիջոցներ կիրառել Մյանմայի (Բիրմա) դեմ:
«Զինվորականների կողմից Մյանմայում իշխանության զավթումը, Աուն Սան Սու Չժիի եւ քաղաքացիական այլ պաշտոնատար անձանց կալանավորումը ու երկրում արտակարգ դրություն հայտարարելը ուղղակի հարձակում են երկրի ժողովրդավարությանը եւ օրենքի գերակայությանը անցման վրա»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
«Ժողովրդավարության պայմաններում ուժը երբեք չպետք է ձգտի ճնշել ժողովրդի կամքը կամ փորձի ջնջել վստահություն ներշնչող ընտրությունների արդյունքները: Մոտ մեկ տասնամյակ Բիրմայի ժողովուրդը անխոնջ աշխատել է ընտրություններ, քաղաքացիական կառավարում եւ իշխանության խաղաղ փոխանցում հաստատելու ուղղությամբ: Այս առաջընթացը պետք է հարգել»:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները վերացրել է Բիրմայի դեմ պատժամիջոցները՝ ժողովրդավարությանը նրա անցնելուց հետո, բայց առանց երկմտելու դրանք նորից կմտցնի: «Այս առաջընթացի չեղարկումը կպահանջի պատժամիջոցների մասին մեր օրենքների անհապաղ վերանայում՝ հետագա համապատասխան գործողությունների կիրառմամբ»,- ասել է Բայդենը:
Կարծիքներ