ՀՀ վարչապետը՝ զինված ուժերում իրականացվելիք բարեփոխումների մասին
Պատերազմի ժամանակ բացթողումներն ամբողջությամբ չենք ուսումնասիրել: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ արդյոք անհրաժեշտ մակարդակո՞վ են ուսումնասիրվել մեր բացթողումները և սխալները պատերազմական իրողությունների ժամանակ:
Նա ընդգծեց՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից ոչ ոքի պաշտոնի չեն նշանակել:
«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում՝ նախարարի առաջին տեղակալ, հեղափոխության պահին՝ արտակարգ իրավիճակների նախարար, և մենք մեր քաղաքական թիմից մի հոգու չենք նշանակել ՊՆ-ում, բանակում։ Հավատացել ենք՝ բանակը, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է, ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել, բայց, երևի, սխալ ենք արել»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորի հարցին՝ արդյոք այն գործողությունները, որ այսօր արվում են «հավանական բացասական, լայնամասշտաբ դրսևորումներին դիմակայելու համար», բավարա՞ր են, վարչապետը տվեց բացասական պատասխան:
«Իհարկե, բավարար չեմ գնահատում: Մեր բանակը, մեր ԶՈՒ-ն ամենադժվար փուլում են, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այն բարեփոխումները, որ պիտի իրականացնենք, շատ դժվար ճանապարհ է: Բայց նաև պիտի հասկանանք, որ այդտեղ ունենք որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ և ամեն ինչ պետք է անենք, որ այդ սահմանափակումները հաղթահարվեն:
Այս ամեն ինչի արդյունքում է, որ որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ,ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել»,- նշեց վարչապետը:
Կարծիքներ