Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը, հայտնում է Առաջին ալիքը։ 

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:

 

Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի մեծ երազանքն էր։ 

«Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը»,- ասում է Լեոն:

Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով: «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:

Հայաստանյան մրցույթի փորձագիտական խմբում էին երգչուհի Իվետա Մուկուչյանը, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլ 2021 եւ 2023-ի գործադիր պրոդյուսեր, FRANCE TV-ի ժամանցային նախագծերի ղեկավար Ալեքսանդրա Ռեդը, Անգլիայում անցկացված Եվրատեսիլ 2023-ի գործադիր պրոդյուսեր, BBC-ի պրոդյուսեր Լի Սմիթարսթը, Մանկական Եվրատեսիլ 2019 և 2020-ի գործադիր պրոդյուսեր Մարթա Պիկարսկան և Պորտուգալիայում անցկացված Եվրատեսիլ 2018-ի գործադիր պրոդյուսեր, պորտուգալական “Festival de Canção” երաժշտական փառատոնի պրոդյուսեր Կարլա Բուգալոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում