Նախատեսվում է համատիրություններում ներդնել բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ

Նախատեսվում է համատիրություններում ներդնել բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին տեղեկացրել են նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագծի ու համայնքային ծրագրերի շրջանակում քաղաքը լուսավորող 70 հազար լապտերից 17 հազարն արդեն փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով:

***

Համատիրություններում առկա կառավարման խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել: Այս կերպ՝ բնակիչների համար առավել թափանցիկ ու տեսանելի կլինեն ֆինանսական հաշվետվությունները: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մինչ դաշտում օրենսդրական լիարժեք փոփոխությունների ապահովումը՝ հաջողված մի շարք համատիրությունների օրինակով սկսել համակարգի ներդրումը:

***

Էլեկտրոնային Mulberry համակարգի ներդրման հետ կապված՝ քաղաքապետին զեկուցել էն, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել աշխատակիցների վերապատրաստման գործընթացը: Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ նոր համակարգով նախատեսվում է կազմակերպել մինչև մարտի վերջ:

***
Գարնանային ծառատունկին ընդառաջ Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում մեկնարկել են սանիտարական մաքրման աշխատանքները: Նախատեսվում է փորձնական գործարկել տարածքում առկա ոռոգման ցանցը, որպեսզի գնահատվեն առկա թերությունները՝ մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը լուծումներ տալու նպատակով:

***
2022 թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Ծրագրով  նախատեսված մի քանի մրցույթ արդեն կայացել է:

***
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում քննարկվել են համայնքին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ եվրոբոնդեր թողարկելու հնարավորությունը: Մասնավորապես, անդրադարձ է եղել օրենսդրական դաշտում առկա իրավիճակին ու բարեփոխումների այն կոնցեպտին, որոնք անհրաժեշտ են առաջ շարժվելու և նախագիծը կյանքի կոչելու համար: Ըստ առաջնահերթության՝ առաջիկայում կսկսեն գործնական քայլեր ձեռնարկվել եվրոբոնդեր թողարկելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում